Ali

View Ali flipbook.

Հեղինակի մասին Ծնվել եմ 2006 թվականին՝ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Սառնաղբյուր (Աղբուլաղ) գյուղում։ Սովորել եմ տեղի տարրական դպրոցում, այնուհետև ուսումս շարունակել եմ Նախիջևանիկի և Այգեստանի միջնակարգ դպրոցներում։ 2023 թվականի Արցախյան բռնագաղթից հետո կրթությունս շարունակել և ավարտել եմ Եղեգնավանի միջնակարգ դպրոցում։ Այժմ Երևանի պետական համալսարանի ԵԼՀ բաժնի 3-րդ կուրսի ուսանող եմ։ Ստեղծագործել սկսել եմ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ։ Ստեղծագործական ճանապարհիս հասել եմ մի շարք բարձունքների՝ միշտ բարձր պահելով հայրենիքի վեհ գաղափարը։ Արցախյան շրջափակման ժամանակ արժանացել եմ «Արցախի կանչը» առաջին մրցանակին, իսկ վերջերս՝ «Մոնթե Մելքոնյան» առաջին մրցանակին։ Գիրքը գրել եմ դեռևս 2023 թվականի հուլիսին՝ ունենալով հեքիաթային ու հաղթանակած Արցախյան կյանք։ Տեղահանությունից հետո փոխեցի ամբողջ սյուժեն՝ հույսով, որ գրքի երկրորդ մասը կլինի «Չուշացած վերադարձ» վերնագրով։ Գրքում տեղ գտած լուսանկարները Արցախահայ լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի և իմ անձնական արխիվից են։ Ինչպես իմ բոլոր հաղթանակները, գիրքս էլ նվիրում եմ իմ հերոս եղբոր՝ Հայկ Գրիգորյանի հիշատակին։ Բարի ընթերցում։

3 Ու հողն է հիշում, թե ով եմ եղել։ Լռության մեջ հողն էր խոսում ... Ես քայլում էի դաշտով՝ ո՛չ առաջ, ո՛չ ետ։ Քամին հպվում էր դեմքիս այնպես, կարծես հիշողություն լիներ, ոչ թե օդ։ Ամեն ինչ ծանոթ էր, բայց մի տեսակ փոխված։ Հողն այլևս չէր շնչում այնպես, ինչպես երբեք։ Նա սպասում էր։ Ինչին՝ չգիտեմ։ Հավանաբար՝ ինձ։ Արցախը իմ մեջ էր ապրում վաղուց։ Ուր էլ գնացի՝ նրա լեռները պոկված մնացին ներսումս։ Իսկ երբ նա կորցրեց ձայնը, ես սկսեցի գրել։ Որպեսզի լռությունը մի օր հասնի նրան, ով միգուցե մոռացել է, թե ինչպես է բուրում հայրենիքը անձրևից հետո։ Քայլել հիշողության վրայով Դաշտի խոտը ծնկներիս էր հասնում։ Ամեն քայլիս հետ թվում էր՝ անցնում եմ տարիների միջով։ Յուրաքանչյուր ճյուղի հպումը հիշեցնում էր անուններ, որոնք այլևս չեն շշնջվում բարձրաձայն։ Ոմանք նրանց կորցրել են, ես՝ կրում եմ։ Ինչպես անտես տեսքով սպի՝ հոգուս ներսում, որը չի ցավում մշտապես, բայց երբեմն, անսպասելի, սկսում է խեղդել։ Ես գիտեմ այս ճանապարհը։ Թեև երբեք ֆիզիկապես չեմ անցել այն ամբողջությամբ, հոգով անցել եմ հազար անգամ։ Մայրս էր ասում՝ «Մարդ կարող է մի գյուղում չծնվել, բայց ամբողջ կյանքում զգալ, որ այնտեղ է թողել իր սիրտը»։ Արցախը ինձ

4 համար հենց այդպիսի տեղ էր։ Նա լեռ չէր միայն, այլ՝ հայացք։ Նա քաղաք չէր միայն, այլ՝ գիշերային լռություն։ Նա հող չէր միայն, այլ՝ խաղաղության մեդալեոն։ Երբ նայում էի հորիզոնին, թվում էր՝ այն հեռվում ինչ-որ մեկը սպասում է ինձ։ Ոչ թե մարդ, այլ զգացում՝ կորցրած, մոռացված, բայց դեռ շնչող։ Այնքան հոգնած եմ հարյուրավոր անգամ հուշեր վերակառուցելուց՝ կտոր-կտոր։ Որովհետև ամեն ինչ չէ, որ լուսանկարվեց, ամեն ինչ չէ, որ գրի առավ որպես մատյան։ Բայց մնում է զգացողությունը, որ այս հողը երբևէ իմն էր և իմն է ։ Միգուցե ոչ փաստաթղթով, ոչ քարտեզով, բայց՝ ներսիս քարտեզով։ Մարդկանց աչքերում ես վաղուց չեմ խոսում այս մասին։ Բայց ներսում՝ ամեն օր։ Ամեն գիշեր նույն երազն է վերադառնում. կանգնած եմ մի լեռան վրա, ամպեր, լռություն։ Ու ես խոսում եմ միայն «վերադարձ»-ի մասին։ Բայց լեռները չեն արձագանքում։ Խոստումը կորչում է նույն լռության մեջ, որի հետ հիմա ապրում ենք բոլորս։ Ես քայլում եմ՝ առանց իմանալու՝ այս ճանապարհն իրականում ինձ տանում է դեպի անցյալ, թե դեպի ապագա։ Բայց մի բան հաստատ գիտեմ՝ այս ճանապարհը տանում է դեպի ինքս ինձ։ Ու դա ամենահիասքանչ ճամփորդությունն է։ Որովհետև երբ հանդիպես քո ներսի հեռվին, չես կարող առանց վերափոխվելու շարունակել ապրել։

5 Լեռների մեջ լռություն կար․․․ Ես երբեք չեմ հարցրել, թե ինչու եմ լռում հենց այն պահին, երբ ուզում եմ գոռալ։ Երբ սիրտս լիքն է լինում բառերով, բայց շուրթերիս՝ լռություն։ Հիմա ես հասկանում եմ՝ լռությունն է այն լեզուն, որով խոսում է հողը։ Ու ես լսում էի։ Ամեն քար, որ ընկած էր դաշտում, իր պատմությունն ուներ։ Ոչ մեկի համար առանձնապես արժեք չուներ՝ մի պարզ քար՝ խոտերի մեջ։ Բայց ես գիտեի, որ այդ քարի կողքին գուցե մի ժամանակ ոտքեր էին անցել, մեկը կանգնել էր ու նայել էր նույն հորիզոնին, ինչպես ես հիմա։ Միգուցե նրա անունը ոչ ոք այլևս

6 չի հիշում, բայց նրա հայացքը մնացել է։ Ու հիմա ես տեսնում էի նրա տեսածը։ Դա ժառանգություն էր՝ ոչ նյութական, ոչ պաշտոնական, բայց ամենաիսկականը։ Ես քայլում էի լեռների միջով՝ կարծես ինձ գտնելու։ Երբ չգիտես՝ ինչ ես փնտրում, բայց զգում ես, որ ինչ-որ բան պետք է գտնես։ Ոչ ոք չի ասում քեզ՝ ինչ, ոչ ոք չի ասում՝ որտեղ։ Բայց ներսդ հրամայում է գնալ։ Ու դու գնում ես… Երբեմն կանգնում էի՝ ուղղակի նայելու։ Քամին անցնում էր կողքովս, խոտերը շշնջում էին։ Թվում էր՝ բնությունը հուշում է անուններ։ Անուններ, որ երբեք չեմ լսել, բայց զգում եմ, որ կապ ունեմ։ Թվում էր՝ մի ժամանակ ես այնտեղ ապրել եմ, կամ

7 գուցե՝ ինչ-որ մեկը, ում ցավն այս օրերին անցել է ինձ։ Արցախը իմ հիշողության մեջ տուն չունի։ Ո՛չ փողոց ունի, ո՛չ դուռ։ Բայց ունի մի հողակտոր՝ մշուշով պատված, որտեղ միշտ կանգնած է մի տղա, ով նայում է հեռուն։ Ես չգիտեմ՝ ով է նա։ Բայց ամեն անգամ, երբ ես լուռ եմ՝ նա այնտեղ է։ Ամեն անգամ, երբ բառեր չունեմ՝ նրա աչքերը խոսում են ինձ հետ։ Ես երկար չգիտեի, թե ինչպես է կոչվում այն ցավը, որն անհիշատակ ու անհաս է։ Բայց հետո հասկացա՝ դա սեր է։ Այն սերն է, որ չունի հասցե, բայց ունի արմատ։ Որ չի մոռացվում ժամանակով, որովհետև ժամանակը միայն խորացնում է զգացածդ։ Ու ես գիտեմ՝ այս սերը ինձ հետ է եկել երկար ճանապարհով։ Նա իմ ներսի հեռուն է դարձել։ Հեռուն, որ թողեցի մանկությունս։ Հիշողություն դարձան մարդիկ, խաղերը, լեռները, կյանքը․․․ Կյանքը… Կյանքը կանգ առավ պատերազմի ձայներում․․․ Երևի սկսեմ պատմել, խոսել մի պատմության մասին, որ այդպես մնաց չընդունված․․․ Մեր պատմությունը նախ մենք ենք հետո գրքերը, ղեկավարները, ու «թշնամական» պիտակը ստացած երկիրը․․․

8 Երբ հողն ինձ անունով էր կանչում ․ Իմ մանկությունը չուներ բարձրահարկ շենքեր, չուներ լույսերով լի փողոցներ, մեքենաների աղմուկ։ Իմ մանկությունը լուռ էր՝ ինչպես լուսաբացը գյուղի լանջերին։ Այնտեղ առավոտները սկսվում էին աքլորների միահամուռ ելևէջներով, իսկ երեկոները ավարտվում էին մայրիկիս ձեռքերով թխած հացի փխրուն ծայրով, ուրցով թեյով՝ տնական մուրաբայի կողքին։ Հայրենի գյուղս լեռների տակ էր՝ գրկախառնված քարերին, քամուն ու հողին։ Ամեն ինչ ուներ անուն՝ նույնիսկ քարը, որ պատի տակ էր ընկած։ Այդ քարը մենք անվանում էինք «մեր դռան պահապանը»։ Իսկ մեր ծառը՝ մեր «աղոթողը», որովհետև ամեն անգամ քամին ուժեղանում էր, թվում էր՝ նա աղոթում է՝ ճյուղերով երկինք խնդրելով լռություն։ Ես վազում էի գյուղի արահետներով ու ոտքերս

9 փոշոտվում էին, բայց ոչ մի փոշի երբեք չմնաց ափերիս վրա։ Որովհետև այնտեղ ամեն ինչ մաքուր էր՝ պարզ, ազնիվ։ Նույնիսկ ցավն էր պարզ՝ մի բարձի տակ թաքցրած սրբիչով, որի վրա լուռ լացում էր տատս, երբ լուրեր էին հասնում հեռվից։ Ես երբեք նրան չէի հարցնում՝ ինչու, պարզապես մանկան հարցերը հերոսածին մորը մանկան քաղցրությամբ էին ուղվում ։ Բայց հետո երբ հասկացա, որ լռությամբ էր սովորեցնում դիմանալ ցավին, արդեն ուշ էր։ Գյուղը ապրում էր իր լռակյաց օրերով, իսկ մենք՝ մեր խաղերով։ Մի լուռ բակ կար, որտեղ քարերով տուն էինք կառուցում՝ փոքր, կիսաքանդ, բայց մերն էր։ Այնտեղ ես առաջին անգամ հասկացա, որ տունը պատերով չէ։ Տունը՝ հայացք է։ Սրտի մի անկյուն, որտեղ գիտես՝ սպասում են քեզ, ուր էլ գնաս։ Հիմա, երբ գյուղս հին լուսանկարի պես է՝ մի կողմի ծալքով ու մի քիչ մաշված, ես փորձում եմ պահել ամեն մանրուք իմ հիշողության մեջ։ Փակում եմ աչքերս ու լսում եմ, թե ինչպես է ծխնելույզից ելնող գոլորշին խառնվում ձմռան ցրտին։ Լսում եմ մորս ձայնը՝ ինձ կանչող, ու Ծովինար բաբոյի մեղմ

10 հայացքը, երբ դանդաղ բացում էր դուռը։ Այդ գյուղը ինձ կառուցեց։ Այն չսովորեցրեց ամեն ինչ ասել, բայց սովորեցրեց ամեն ինչ զգալ։ Ու երբ աշխարհը դառնում է չափից շատ խլացնող, ես փակում եմ աչքերս ու վերադառնում այնտեղ։ Ոչ մարմնով, այլ հիշողությամբ։ Որովհետև իմ ներսի հեռուն սկսվում է հենց այդ գյուղից։ Որովհետև ես մնացի իմ տանը, ինչպես պատուհանագոգին մնացին կանաչ ծաղիկները որ ապրեցնում էին ցանկացած խավարում։ Տատս շատ չէր խոսում։ Բայց նրա լռությունն ամեն ինչից շատ էր պատմում։ Նրա աչքերում արևամուտներ կային, գարունների բույր ու թաքնված աղոթքներ։ Նա ուներ մի մատանի՝ մաշված, մոռացված փայլով, որը երբեմն փաթաթվում էր իմ փոքր ձեռքի շուրջ։ Ասում էր՝ «Սա տատիկիս ձեռքերն են՝ քո միջով փոխանցված»։ Նրա ձեռքերը ամեն ինչ հիշում էին՝ ինչպես հունձ էին անում, ինչպես հաց էին հունցում, ինչպես գրկում էին։ Ու ամեն անգամ, երբ նա ինձ շոյում էր քնի ժամանակ, ես մտածում էի՝ աշխարհում ամեն ինչ լավ է, քանի դեռ այդ ձեռքերը գրկում են ինձ։ Տունը, որտեղ նա ապրում էր, շնչում էր։ Ու երբ նա լուռ բացում էր պատուհանը՝ պարզելու եղանակը, թվում էր՝ երկինքն էլ մի պահ կանգ է առնում՝ հարգանքով։ Մենք չէինք ասում «սեր» բառը բարձրաձայն։ Բայց ամեն ինչ, ինչ անում էր տատս՝ հենց սերն էր։ Ու ես հիմա հասկացել եմ՝ որ սերը մեզ գրկող ձեռքերն են, և այն աչքերը որ խոսում են հազարավոր զգացումների փոխարեն։Տատիկիս աչքերը գարնան երկինք էին հիշեցնում։ Այդ երկնքում մի փոքր թախիծ միշտ կար, բայց այդ թախիծը խաղաղ էր։ Նա ոչ մի անգամ չէր բարձրացնում ձայնը։ Նրա սաստումը լուռ էր, մեղմ։ Մի հայացքով նա կարող էր հասկացնել, որ լավ չէր վարվել, իսկ հետո նույն հայացքով էլ՝ գրկել։ Ես կարծում էի, թե տատիկս անմահ է։ Որ նա միշտ

11 լինելու է բակի ընկուզենու շվաքի տակ, ձեռքին՝ գուլպա գործելու հին ասեղներն ու դանդաղ շարժումներ։ Ասես, թե չէինք նկատում, որ ժամանակն էլ է շարժվում՝ նրա ձեռքերի պես։ Տան ներսում ամեն ինչ շնչում էր հիշողությամբ։ Գորգերի մեջ կար բույր՝ սենյակների լռության մեջ խառնված հացի, գուլպայի, տերևների հոտը։ Ամեն առավոտ, երբ բացվում էր դուռը՝ դուրս հոսում էր մանկություն։ Ես քայլում էի այդ հոտերի միջով՝ դեռ քնած աչքերով ու բոբիկ ոտքերով, թեև գետինը սառն էր, բայց ինձ՝ ջերմ։ Երբ մեծացա, հասկացա՝ այդ ամենը սովորական կյանք չէր։ Դա շնորհ էր։ Այն գյուղը՝ լեռների ծալքերում կորած, իր պարզությամբ ու լռությամբ ինձ ներսից կառուցեց։ Ու հիմա, երբ այդ տունը այլևս չկա, երբ տատիկս այլևս ձեռքերս չի բռնում քնի ժամանակ, երբ պատուհանը չի բացվում՝ երկնքին նայելու, ես ամեն անգամ փակ աչքերով վերադառնում եմ։ Հենց այնտեղ՝ իմ ներսի հեռուն։ Տունս չի նշվում ոչ մի քարտեզում։ Բայց այնտեղ կա բակ՝ հին շիկացած քարերով, կա ծառ, որի ստվերում միշտ նստած է մեկը, ու կա լռություն՝ որ խոսում է իմ անունով։ Այն դաջվել է իմ ներսում, և ամեն անգամ հիշեցնում է, կյանք կար․․․

12 (Հայրս է միշտ պատմում) «Ես հիշում եմ այն տունը։ Ոչ թե պատերով, այլ զգացողությամբ։ Հողե հատակ ու ցուրտ պատուհաններ, մի անկյունում փեղկը չփակվող, բայց ներսում՝ տաք։ Տաք՝ որովհետև սրտեր կային ներսում։ Ես հիշում եմ, որ ծուռ էր տանիքը՝ միշտ կաթում էր, երբ անձրև էր գալիս։ Իսկ տատս միշտ ծածկում էր բարձերը մաքուր լաթերով՝ ասելով. «Դե տոն ա, վըղան աճած»։ » Եվ այդ տունը, այո՛, հենց հողից էր աճել՝ հողից, որ մենք սիրում էինք, որ մեզ էր ծնել, ու հետո… մեզնից խլվեց։ «1992 -ին ես չհասցրեցի հրաժեշտ տալ տանս, պապական տանս։ » Այդ տարիներին հայրս դեռ երեխա էր․․․ Պատերը պառկեցին հողին՝ առանց ձայնի։ Միայն երկինքն էր գոռում։ Միայն սիրտն էր մրմռում՝ երեխայի խեղճացած

13 լռությամբ։ Դռան ծռված փայտը, պատշգամբի սյունը, տատիս կարի մեքենան՝ ամենքը դարձան փոշի։ Բայց տունը չէր մոռացվել։ Այն փախել էր՝ ինձ հետ։ Մեջս էր մտել՝ աչքերիս մեջ, արյանս մեջ, գիշերային երազներիս մեջ։ Երբ ինձ հարցնում էին՝ «որտեղից ես», ես ոչ մի քաղաք ու գյուղ չէի ասում։ Ես ասում էի՝ «այնտեղից եմ, որտեղ մի տուն կար։ Ավերված, բայց ապրող» ։ Տունը ոչ թե քարերի մեջ է ապրում, այլ՝ հիշողության։ Ու իմ ներսի հեռուն սկսվում է հենց այդ ավերված պատից։ Այնտեղ, որտեղ մի օր խաղացել էի, որտեղ բակի շունչն էր անցել։ Բայց խոտը կրկին աճեց, քարը՝ մնաց. Մարդիկ․․․ Ա՜խ․․․ Եվ ես գիտեմ՝ տունս դեռ այնտեղ է։ Ոչ արտաքին աշխարհում, այլ իմ մեջ։Ես երկու տուն ունեի․․․ Պապական տունս տեսել եմ երբ հասել էի գիտակցական տարիքի․․․ Հորս հարցեր էի տալիս, որ ամեն ինչ պատմեր, և այո ես գիտեմ ամեն ինչ և այն վերածելու եմ մի պատմության, ինձ հաջորդող սերունդների իմացության համար․․․ Հիմա պատմությունը դարձրել են խամաճիկ, ջնջում են, կեղծում, ու․․․․ Ես գիտեմ իմ և իմ երկրի ամբողջ պատմությունը, որովհետև հայրս էր սովորեցրել ապրել հայեցի, հայ ու հայրենատեր․․․

14 Ես հիշում եմ, որովհետև հայրիկս էր պատմում։ Ես փոքր էի, երբ կորցրի տատիս ու պապիս։ Տատս գորովանքով էր գրկում ինձ, իսկ պապս՝ լուռ հպարտությամբ։ Ես չեմ հիշում նրանց ձայնը հստակ, բայց հիշում եմ՝ ինչպես էին ձեռքս բռնում, երբ արևը մայր էր մտնում։ Նրանք ինձ չհասցրեցին հրաժեշտ տալ։ Բայց ես դեռ տեսնում եմ նրանց՝ կանգնած հին տան բակում, այն տան, որ 1992-ին այլևս չկար։ Տարիներ անց ես հասկացա՝ ինչ է նշանակում կորուստ, երբ հայրս սկսեց պատմել։ Նա չէր պատմում ողբով, այլ համբերությամբ։ Որպեսզի ես հասկանամ՝ ով եմ եղել։ Որպեսզի կորուստն ինձ չկոտրի, այլ՝ զորացնի։ Նա պատմում

15 էր հողերի անունները՝ լեռների, ծառերի, նույնիսկ հին ջրաղացի ու մարդկանց մասին ։ Նա չէր թողնում, որ մոռանամ, որտեղից եմ սկսել։ Եվ այդպես, նրա ձայնով ես նորից գնում էի գյուղ։ Ես քայլում էի խոտերի միջով՝ այն նույն արահետով, որով պապս տարիներ շարունակ գնում էր խոտհունձի։ Տեսնում էի, թե ինչպես է տատս լվանում հացաթխելու գունդը, որ <<տեփ>> էինք կոչում, իսկ քամին խաղում էր նրա գլխաշորի ծայրով, երևի տատիս մաշված գլխաշորերը դեռ պահարանում են։ Եվ չնայած՝ այդ ամենն իրականում այլևս չկա, բայց իմ ներսում ամեն ինչ ապրում էր, ապրում է։ Հիշողության մեջ մենք կրկին ընտանիք էինք, բոլորը ներկա։ Եվ տարիներ հետո ես հասկացա՝ այդ պատմությունները չեն միայն անցյալ, այլ ապագա են։ Որովհետև պատմությունը, որ հիշում ես, երբեք չի կորչում։ Ես հիշում եմ, որովհետև ինձ սովորեցրել են հիշել։ Ես հիշում եմ, որովհետև դա է իմ լեզուն, իմ արյունը, իմ պատկանելությունը։ Եվ հիմա, երբ գրում եմ այս տողերը, թվում է՝ հայրիկիս ձայնը կրկին ինձ հետ է։ Նա պատմում է, իսկ ես՝ փոխանցում։ Նա պատմում էր գյուղի ազատագրման մասին, եղբորն ու հորեղբորն էր կորցրել, չիմանալով․․․ Դեռ պատանի հասակում ընկերների հետ զենք էին բռնում, վիրավորվել էին ․․․ Հիմա ավելի են խորացել հորս մաշկի մեջ ապրող բեկորները ․․․ Երևի պատմեմ պատերազմների մասին ի սկզբանե, թեև պատերազմների մասին խոսելը նույնքան դժվար է, որքան ապրելը պատերազմի մասին հիշելով․․․

16 Երբևէ չեմ մտածել, թե պատերազմն իրականություն է, ողբ է, ցավ է… 2016 -ի առաջին արկերն անցան Արցախի տարբեր գյուղերի ու քաղաքների երկայնքով։Խրամատներում արյուն էր, հողերում ՝կորուստ, հյուրասենյակում հեռուստացույց՝ որ այդպես էլ մի քանի օր չէր անջատվում… Ասում էին՝ Թալիշը տվել են, Մատաղիսում ծանր մարտեր են… Զոհերը շատ են, վիրավորները՝ ավելի։Ես դեռ չէի հասկանում մորս ասած. «Մի քանի շոր վերցրու» — դա ի՞նչ էր նշանակում, ինչի՞ համար էր…Ձորերից լսվում էին արկերի ծանր հարվածները, իսկ մեր տան պատերը դողում էին, կարծես հենց նրանք էլ էին վախենում։ Մայրս փակեց վարագույրը, բայց վարագույրները չէին փակում այն իրականությունը, որ ներս էր խրվում։Գյուղում բոլորը շտապում էին. հայրս անընդհատ զանգում էր գյուղացիներին, մայրս՝ աչքերի մեջ էր կուտակում լռությունը, որից ավելի էի վախենում, քան պայթյունների ձայներից։ Ննջասենյակիս դռան մոտ կանգնած էի՝ ձեռքիս պահած այն նույն «մի քանի շորը», որ մայրս ասաց վերցրու, բայց ես չէի հասկանում՝ուր գնալու համար։ Գյուղի միակ ճանապարհով անցնող մեքենաները վազում էին մի ուղղությամբ՝Ասկերանի Սառնաղբյուրից դեպի Մարտունու գյուղեր, հետո՝ Ստեփանակերտ…

17 Հայրս հրաժեշտ տվեց մեզ…. Աչքերի մեջ մի տեսակ խաղաղություն կար, որ միշտ ունենում են գնացողները։ Վախենում էի, որ այս հրաժեշտը կարող է վերջինը լինել։Գյուղի տղամարդիկ դարձյալ հավաքվեցին նույն վայրում, որտեղ տարիներ առաջ՝մեր պապերի ու հայրերի սերունդը կանգնել էր նույն երդման առաջ՝պաշտպանելու մեզ, տունը, հողը, պատիվը, այն պատիվը, որ նրանք ժառանգել էին ոչ թե թղթով, այլ արյունով կնքված ժառանգությամբ։ Յուրաքանչյուր հեռու պայթյուն՝ մի հարված, յուրաքանչյուր շան հաչոց՝ մի անհանգիստ հարց, յուրաքանչյուր անցնող մեքենա՝ մի նոր վախ, թե միգուցե լուր են բերում։ Ժամերը դանդաղ էին քայլում, հիշեցնում էին այն քայլող տղամարդկանց, որոնք տարիներ անց նորից գնացին հողի խոստման, երդման ու սրբության համար։ Մայրս երբեմն կանգնում էր, մոտենում պատուհանին ու նայում մթության մեջ, ասես մթությունն ինչ–որ պատասխան պիտի տար։Իսկ ես լսում էի նրա ծանր շնչառությունը… Դրսում քամին էլ էր դողում։ Հողը ծանր էր, օդը՝ լցված վախով, իսկ երկինքը թվում էր ավելի ցածր, քան սովորաբար, ասես իջել էր մարդկանց ցավին մոտ լինելու։Ձյուն չկար, անձրև չէր գալիս, բայց գիշերը այնքան սառն էր, որ թվում էր՝ հենց պատերազմն է սառեցնում մոլորակը։Եվ այդ սրտախեղդ մթության մեջ միայն մեկ բան էր

18 հաստատ ՝ պատերազմը եկել էր, և հետ վերադառնալու ճանապարհ չուներ։ Ծանր գիշեր էր… Այդ գիշեր ես առաջին անգամ հասկացա, որ երբ ասում են «կռիվը սկսվել է», դա նշանակում է՝ մարդիկ չեն վերադառնում, երազանքները չեն շարունակվում, տները դատարկվում են, իսկ մայրը՝ լուռ, ձեռքերով սեղմում է սիրտը՝ որ հերթական զանգը վատ լուր չբերի։

19 Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետներով ու հրանոթներով շարունակեց արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Հողը դողում էր, պատերը՝ ճաքում, անունները՝ կորում։ Մարդիկ չէին հասցնում հրաժեշտ տալ, քանի որ պատերազմը երբեք չի սպասում, երբեք չի տալիս ժամանակ մտածելու կամ ընտրելու Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը ՝Խլված կյանքերի ու վառվող տների ծխի մեջ, գրվեց՝ հրադադար …. Բառ, որ միշտ շատ ավելի թեթև է հնչում, քան այն գինը, որով այն գրվում է։ Այն պարզապես կանգնեցնում էր հրետանինբայց ոչ ցավը։Բոլորը գիտեին՝պատերազմը դեռ չի վերջացել, այն պարզապես շունչ է քաշում։ Եվ հետո եկան տարիներ, որոնք թվացյալ խաղաղ էին։ Կյանքը կամաց-կամաց սկսեց հիշեցնել ինքն իրեն։ Մարդիկ նորից ծրագրեր էին կազմում, երեխաները՝ դպրոց գնում առանց պայթյունի ձայնի, մայրերը՝ սովորում էին չցնցվել ամեն զանգից։ Եվ սովորեցինք ապրել այնպես, կարծես պատերազմը վերջնականապես հեռացել է, կարծես այն մնացել է անցյալում։ Մենք սկսեցինք հավատալ, որ ապագան հնարավոր է, որ վաղը կարելի է պատկերացնել առանց կրակոցի։ Այդ

20 խաղաղությունը աննկատ դարձավ առօրյա, իսկ զգուշությունը՝ մոռացված։Բայց պատերազմը երբեք չի հեռանում։ Այն պարզապես սպասում է։ Այս անգամ պատերազմը եկավ ամբողջ ծանրությամբ։ Այն այլևս չէր սահմանափակվում դիրքերով։ Անունները այլևս պարզապես չէին կորում․ դրանք փորագրվում էին քարերի վրա, դառնում էին սև ու սպիտակ լուսանկարներ, մնում էին մայրերի շշուկներում։ Տղաները գնում էին ու չէին վերադառնում, իսկ վերադարձողները տուն էին գալիս ուրիշ աչքերով ։ Ցավը չուշացավ… 2020-ին ինձ անդադար հետապնդում էին մղձավանջային երազները։ Դրանք գալիս էին ամեն գիշեր՝ առանց ընդմիջման, առանց խղճի։ Քունը այլևս հանգիստ չէր․ այն դարձավ երկրորդ ճակատ, որտեղ պատերազմը շարունակվում էր նույնիսկ այն ժամանակ, երբ աչքերս փակ էին։ Այդ երազներում ժամանակ չկար։ Անցյալն ու ներկան խառնվում էին իրար, 2016-ն ու 2020- ը նույն գիշերվա մեջ էին տեղավորվում։ Կրակը նույնն էր, ցավը՝ նույնը, միայն անուններն էին փոխվում։ Ես վախենում էի քնել, որովհետև գիտեի՝ քունը ինձ նորից կտանի այնտեղ, որտեղից վերադարձ չկա։ Երազներից մեկում զոհվեց եղբայրս, Հայկս։ Ես փորձում էի մոտենալ, բայց ոտքերս չէին շարժվում։ Գոռում էի, բայց ձայնս դուրս չէր գալիս։ Պատերազմը նույնիսկ երազում չէր թողնում

21 հրաժեշտ տալ։ Եվ նույն երազում թշնամին մտավ Շուշի։ Փողոցները դատարկվեցին, պատուհանները փակվեցին, իսկ քարերը լուռ էին։ Այն լռությունը ավելի ծանր էր, քան ցանկացած պայթյուն։ Ես հասկանում էի՝ ինչ-որ բան վերջացել է, բայց դեռ չէի կարողանում ընդունել՝ ինչ։ Հետո սկսվեց ճանապարհը։ Բնակչությունը երկար մի ճամփա ընկավ։ Մարդիկ քայլում էին առանց խոսելու, առանց իրար նայելու։ Ոմանք ձեռքերից բռնած երեխաներ էին տանում, ոմանք՝ պարզապես քայլում էին՝ դատարկ հայացքով։ Ոչ ոք չէր հարցնում՝ ուր ենք գնում։ Բոլորը գիտեին՝ հեռու ենք գնում։Երազիս մեջ մորս հարցրի․— Ուր ենք գնում։

22 Նա չնայեց ինձ։ Նրա աչքերը առաջ էին նայում, ճանապարհի վրա։ Եվ շատ հանգիստ պատասխանեց․ — Որտեղ որ բոլորը։ Փրկվելու։ Այդ բառը երազում ավելի սարսափելի էր, քան «պատերազմը»։ Փրկվել՝ նշանակում էր թողնել։ Տունը, քաղաքը, գերեզմանները, հիշողությունները։ Փրկվել՝ նշանակում էր ապրել՝ բայց մի բան միշտ քեզնից պակաս։ Ես ուզում էի հարցնել՝ իսկ Հայկը՞, բայց արդեն ուշ էր։ Ճանապարհը շարունակվում էր, իսկ նա այնտեղ չէր։ Երբ արթնացա, սենյակը խաղաղ էր։ Պատուհանից լույս էր ընկնում, և աշխարհը մի պահ ձևացնում էր, թե ամեն ինչ տեղում է։ Բայց երազը ինձ հետ էր։ Այն նստել էր հոգուս մեջ ու հանգիստ չէր տալիս… Դա վախի նախազգացում էր, այն ճշմարտությունը, որ հոգին զգում էր ավելի շուտ, քան իրականությունը կհասցներ հասնել։ 2020-ին երազներն այլևս քուն չէին։Դրանք նախազգուշացում էին։Եվ ամեն գիշեր ես վախենում էի ոչ թե արթնանալուց, այլ նրանից, որ երազը մի օր կդադարի երազ լինել։ Սեպտեմբերի 27-ի առավոտը սկսվեց ոչ թե լույսով, այլ պայթյունով։ Ժամը յոթն անց էր։ Կես քնի մեջ մտածեցի՝ հայրս է, տան ետնամասում ինչ-որ բան է անում, ինչպես միշտ։ Այդ ձայնը չափազանց ծանոթ էր, չափազանց առօրյա, որ միանգամից վախեցնի։ Պատերազմը սկզբում միշտ փորձում է նմանվել սովորականին։ Դուրս եկա բակ։ Դատարկ էր։

23 Կանչեցի հորս։ Կանչեցի մի քանի անգամ։ Ձայնս հետ եկավ նույն լռությամբ։ Սիրտս ծանրացավ, բայց ստիպեցի ինձ առաջ գնալ՝ դեպի տան ետնամասը։ Մտածում էի՝ այնտեղ է, հաստատ այնտեղ կլինի։ Չկար։ Վերադարձա տուն։ Արթնացրի մորս։ Քույրս նոր էր ծնվել՝ երեք-չորս օր առաջ։ Տունը դեռ նոր կյանքի հոտ ուներ։ Ասացի՝ ոչ ոք չկա, բայց ձայներ եմ լսում։ Մայրս կիսաքնած ասաց, թե երևի հայրս է եղել, ու ինձ ուղարկեց քնելու։ Բայց քունն այլևս իմը չէր։ Գլուխս բարձին դրեցի, բայց ներսումս ինչ-որ բան կանգ չէր առնում։ Դուրս եկա տնից ու բարձրացա տան վերևի սարը։ Գյուղը անսովոր լուռ էր։ Այնպիսի լռություն էր, որ թվում էր՝ նույնիսկ շները գիտեն՝ չպետք է հաչեն։ Ես քայլում էի՝ գլուխս կախ, չիմանալով՝ ուր եմ գնում։ Հանկարծ սարի ետևից ձայներ լսվեցին։ Հայրս էր։ Գյուղի տղամարդկանց հետ իջնում էր։ Մի պահ թեթևացա, բայց այդ թեթևությունը կարճ էր։ — Ու՞ր եք, — հարցրի։ Հայրս չկանգնեց, միայն արագ ասաց․ — Վերև նայիր։ Անօդաչուն տեսնո՞ւմ ես։ Նայեցի։ Երկինքը դատարկ էր։ — Չկա։ Նա գլխով արեց, կարծես դա ոչինչ չէր նշանակում, ու ասաց․

24 — Վազիր տուն։ Ասա մորդ՝ կարևոր իրերը հավաքի։ Գուցե տատիկենց գյուղ գնաք։ Էնտեղ ապահով է։ Այդ պահին հասկացա՝ այն ձայները, որոնցից արթնացել էի, շինարարություն չէին։ Դրանք պատերազմն էին։ Պատերազմը արդեն այստեղ էր՝ մեր բակում, մեր սարի վրա, մեր նորածին երեխայի շնչի կողքին։Եվ ես հասկացա ևս մի բան ՝ այդ օրվանից առավոտները այլևս երբեք լույսով չեն սկսվելու:

25 Քառասունչորս օր տևած մղձավանջի քառասուներկու օրը տնից հեռու էինք։ Մարմինս շարժվում էր, բայց ներսումս կյանք չկար։ Գիշեր, ցերեկ չկար։ Նորածին քույրս շնչում էր, մայրիկս թաքցնում էր վախը, իսկ ես, աչքերս փակելով, փորձում էի գտնել լուր, որ լինի՝ որ ապացուցի՝ «Հաղթելու ենք»։ Եվ ես կախված էի այդ հույսից՝ ինչպես մարդը, որը ջրի մեջ է ու դեռ չի թողնում շնչառությունը։ Ամբողջ օրը ես «կոտրատում» էի կայքերը, փնտրում մի լուր՝ ինչ-որ նշան, տեղեկություն, մի բառ, բայց. Եղբորս՝ Հայկին, ում երազումս էի տեսել, զոհվեց Ջրականում՝ Ջաբրաիլում, հոկտեմբերի 19-ին։ Այդ օրը մենք Հայաստանում էինք՝ հայրենիքում, որտեղ թվում էր, թե կյանքը սովորական ընթացքի մեջ է, բայց իրականում մեր ներսում պատերազմը երբեք չէր հեռացել։ Առավոտները սկսվում էին լույսի պես պարզ, բայց այդ լույսը չէր թաքցնում այն ծանրությունն ու վախը, որը մենք ապրում էինք հեռավորության, լուրերի ու սպասման մեջ։ Հայկը զոհվեց հանուն բոլորիս, հանուն խաղաղ կյանքի, որի մի մասնիկն անգամ ինքն ապրելու շանս չուներ։ Երբ մտածում եմ այդ մասին, հպարտությունը մի պահ ինձ գրկում է, բայց հետո գալիս է այն ծանր, անխախտ ցավը, որը ոչ մի բառով չի արտահայտվում։ Նա կռվել է մինչև վերջ, վիրավոր՝, մինչև վերջին շունչը, մինչև այն պահը, երբ մարդն այլևս ուժ չունի ոչ կանգնելու, ոչ նահանջելու, այլ միայն մնալու իր դիրքում, որպես զավակ հայոց հողի։ Դիրքից գրեթե ողջ էին մնացել ընդամենը երկու-երեք հոգի։ Մնացածները… մնացել էին այնտեղ, որտեղ հիմա մեր լռությունն է ապրում։ Ես չգնացի հուղարկավորությանը։ Դա

26 ոչ թե թաքնվելու կամ մոռանալու ցանկություն էր, այլ ներքին սահման, որտեղ պիտի պաշտպանեյի ինձ՝ իմ աղաղակող ցավից։ Որպեսզի չընկնեի մի իրականության մեջ, որն արդեն իմ երազների միջոցով տեսել էի՝ ողբերգական ու անխուսափելի։ Այդ օրվանից սկսեցի ապրել զգացումով, որ անուն ունի՝ չգործած մեղք։ Որտեղից էլ որ նայեմ, ամեն ինչ հիշեցնում է նրան։ Ոչ միայն քո տեսած պատկերները, այլ ամեն մի շունչ, ամեն մի լռություն, ամեն մի փողոցային ճիչ։ Ամեն առավոտ արթնանում էի ոչ թե քնելուց հանգստացած, այլ կենդանի մնացած լինելու զգացումով։ Ես գրեթե դիակից չէի տարբերվում։ Մարմինս շարժվում էր, բայց ներսումս կյանքը սառել էր։ Հայելին վաղուց դադարել էր ինձ ճանաչել։ Աչքերս նայում էին, բայց չէին տեսնում, ականջներս լսում էին, բայց չէին հասկանում։ Այդ օրերին ես հասկացա, որ երբ պատերազմը մտնում է քո կյանք, այն ոչ միայն հեռացնում է քեզ տնից, անվտանգությունից, այլ նաև քո ներքին տարածությունից։ Յուրաքանչյուր օր նման էր նախորդին, բայց միևնույն ժամանակ ավելի ծանր։ Յուրաքանչյուր կորուստ, յուրաքանչյուր սպանված անուն սեղմվում էր ներսումս, հանելով բոլոր մյուս զգացմունքները, թողնելով միայն լռություն և դատարկություն։ Ես հասկացա, որ կարող է մարդ ապրել, բայց ներքուստ լինել մեռած.

27 Ես սկսեցի ապրել՝ զգալով, որ փոխարինել չես կարող, որ պարտքը, որ ես չեմ կատարել, նստած է ներսումս ու չի թողնում շնչել։

28 Եվ այդ ամենի մեջ ես շարունակում եմ ապրել. քայլում եմ փողոցներով, տեսնում մարդկանց, լսում ձայներ, շնչում օդը, բայց միշտ գիտեմ, որ իմ ներսում ինչ-որ բան մնացել է այնտեղ՝ այն տեղում, որտեղ իմ եղբայրը հանուն մեզ նահատակվեց, հանուն խաղաղ կյանքի, որը նա չհասցրեց տեսնել: Ես ապրում եմ՝ հիշելով, չմոռանալով, և ընդունելով, որ այդ չգործած մեղքը կշարունակի ինձ հետ մնալ այնքան ժամանակ, մինչև աշխարհը չվերադառնա այնտեղ, որտեղ նա այժմ է։ Ես շատերին եմ կորցրել՝ հազարավոր եղբայրների։ Հինգ հազար կյանք, որոնք գուցե մեր իշխանությունների համար պարզապես թիվ են դարձել, արյուն, որին փորձում են կեղտ անվանել, հող, որ ներկայացնում են որպես դժգույն ու անարժեք։ Բայց ես չեմ կարող ուրանալ դա։ Չեմ կարող մոռանալ ոչ արյունը, ոչ հողը, ոչ նրանց, ովքեր մնացին այնտեղ։Արժանապատիվ հայը չի ուրանա, երբե’ք… Երազիս տեսնում էի, թե ինչպես թշնամու զորքերը մտնում են Շուշի։ Լռություն էր տիրում, ոչ մի կրակոց, ոչ մի աղմուկ… Այդ լռությունը միաժամանակ սարսափելի ու անիրական էր։ Իսկ իրականությունը ավելի սարսափելի եղավ։ Նոյեմբերի 5-ին իմացա, որ Շուշին հանձնել են։ Նոյեմբերի 9-ին նորից կրակոցների անդադար հերթերի տակ զոհվեցին տղերքը։ Նրանք ստորագրեցին պայմանագիր, հանձնելով Արցախի գրեթե 75%-ը։Ինչքան էլ արդարացում փնտրեն՝ թե ինչու Հադրութն ու Շուշին ընկան, թե ինչու Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի գյուղերում պաշտպանությունը թույլ էր, կամ ինչու Քարվաճառը առաջինն է ծնկի եկել՝ մի հավատացեք։ Ոչ ոք չի ծնկել, ոչինչ չի զիջել։ Այլ հարց է, որ նրանք, ովքեր ծնկել են, վաղուց գամված են իրենց աթոռներին ու չեն պատրաստվում շարժվել։ Նամուսից

29 խոսում են, կռվելուց են խոսում, հայ լինելուց են խոսում… բայց խփում են մեջքից։ Իսկ մենք՝ մենք դեռ կանգնած ենք։ Մենք պահում ենք ճշմարտությունը, որովհետև գիտենք՝ եթե մեր ազգը՝ իսկական հայոց ազգը, կանգուն է, ամուր ու անսասան, ոչ ոք չի ծնկի։ Ոչ ոք չի կարող թուլացնել կամ հնազանդեցնել այն, ինչը անքակտելի է՝ մեր կորուստների, մեր պայքարի ու մեր ոգու մեջ։

30 Վերադարձանք Արցախ։ Տուն հասնելուն պես պատերն էի համբուրում, կարծես դրանք կենդանի լինեին ու ինձ ճանաչեին։ Տունը փոշու մեջ կորած էր․ քառասունչորս օր այնտեղ ոչ ոք չէր եղել։ Շունչ չկար, կյանք չկար։ Ամեն ինչ լուռ էր, ծանր, օտարացած։ Ծաղիկները, որոնք մայրս տարիներ շարունակ խնամքով պահել էր, թոռոմել էին։ Թվում էր՝ ոչ թե ջրի, այլ մարդու կարոտից էին չորացել։Մեր տանը գարունը միշտ շուտ էր գալիս։ Ուներ գույներ, թարմ ու վառ բույրեր։ Գարունը ապրում էր պատուհանագոգին, իմ փոքրիկ այգում, ծաղկանոցում։ Այնտեղ, որտեղ մանուշակը գարուն էր բերում նույնիսկ նոյեմբերին։ Ծառերի ճյուղերը օրորվում էին, բողբոջում ու կյանք տալիս նոր պտուղների։ Բակը գարնան հոտ ուներ, մաքուր ու թարմ շնչով։ Մենք՝ նույն բակի, նույն գյուղի երեխաներս, ընկերներով սար էինք բարձրանում ծաղիկ հավաքելու։ Վերադառնում էինք տուն՝ ձեռքներում մի փունջ սեր, որ նվիրեինք մեր մայրերին։ Մայրս ծաղիկները դնում էր ծաղկամանի մեջ, խնամքով դասավորում, ու դեմքին ժպիտ էր հայտնվում։ Նրա համար գարունը մենք էինք բերում։Բայց քանի՜-քանի՜ մայրեր այդ գարունը չտեսան։ Պատերազմը նրանց կյանքից խլեց գարունը։ Չկար մեկը, որ մի փունջ մանուշակ, զանգակ կամ հիրիկ բերեր։ Նրանք մնացին կարոտ՝ իրենց զավակների գարնան բույրին, կարոտ՝ արյունով օծված մի բուռ հողին, անգամ զավակի սառը շիրիմին։ Մեր տան մի անկյունում գարունը երբեմն այնքան անուշ բույր ուներ… Իսկ հիմա՝ ամբողջ Արցախում, գարունը կարծես շունչ չունի։ Պատուհանագոգի ծաղիկները թարմ են թվում, բայց

31 խռոված են։ Մայրս ամեն առավոտ խոսում էր նրանց հետ, խնամում, շոյում տերևները։ Հիմա ոչ ոք չկա, որ ջրի, ոչ ոք չկա, որ խոսի։ Հարևանս տանը չէ, որ զանգեմ ու խնդրեմ՝ մի բուռ ջուր լցնի ծաղիկների տակ։ Մենք քաղաքում չենք։ Հարևանս էլ, ես էլ, դու էլ Արցախում չենք։ Որովհետև Արցախում տեղ կա ծառերի, ծաղիկների, թռչունների համար։ Իսկ մեզ համար չկա։ Չկա տուն, չկա բակ, չկա գարուն։Իմ գարունը մնաց պատուհանագոգին։ Երևի այդպես էլ չապրեց։ Այն Սառնաղբյուրում էր՝ ճանապարհի աջ հատվածում, դպրոցի կողքի տանը, սարերի արանքում, կամարաձև պատերի հետևում։ Երևի մի օր գարունդ կերգի

32 արցախերեն։ Երևի ծաղիկները նորից կշնչեն։ Երևի տան պատերը կրկին կյանք ու ծիծաղ կունենան։ Գարունը իմ այգում էր։ Այնտեղ, որտեղ մանուշակը գարուն էր բերում նոյեմբերին։ Մենք, ինչպես միշտ, մաքրեցինք տունը։ Ամեն մի անկյունից փոշին հեռացնելիս հորս հարցնում էինք՝ մի՞թե գյուղում կրակոցներն այդքան ուժգին էին, որ նույնիսկ պատերը չէին դիմացել։ Նա լուռ էր պատմում, առանց գանգատի։ Պատմում էր, որ դիրքերում երբեմն մի քանի տուփ քաղցրավենիքով էին օրերն անցկացնում։ Ոչ թե սնունդ չկար, այլ ժամանակ։ Ժամանակ չկար նստելու, շունչ քաշելու, նույնիսկ մի կտոր հաց հանգիստ կուլ տալու։ Պատերազմի օրերին դիրքից դիրք էին վազում, գերեզմանից գերեզման՝ հասցնելու հրաժեշտ տալ ընկերներին, որդիներին, եղբայրներին։ Մահն այնքան մոտ էր, որ հրաժեշտն էր դարձել ամենօրյա պարտականություն։ Եվ այդ ամենի մեջ ես ամենից շատ վախենում էի հորս կորցնելուց։ Այդ վախը ներսումս լուռ էր, բայց անդադար։ Աստծո հրաշքով շատերը տուն վերադարձան՝ ողջ ու առողջ։ Իսկ շատերն այսօր էլ սառը բանտախցերում են, ու չգիտեմ՝ երբևէ արև տեսե՞լ են, թե ոչ։ Մենք վերադարձանք առանց վախի։ Այլևս վախենալու բան չկար։ Վախենալունը մենք վախով էլ կորցրել էինք։ Հիմա մնացել է միայն առաջ շարժվել ու կիսատ չթողնել նրանց գործը՝ հերոսների գործը։ Դրանից հետո կյանքը, կարծես, ամաչելով, փորձում էր կրկին սովորական ձև ընդունել։ Մենք վերադարձանք առօրյային ոչ թե որովհետև պատրաստ էինք, այլ որովհետև ապրելու այլ

33 ճանապարհ չկար։ Ամեն ինչ կիսատ էր՝ ժպիտները, խոսքերը, լռությունը։ Մենք սովորեցինք ապրել ցավի կողքին՝ նրան չդիմելով, չանվանելով, բայց ամեն օր զգալով նրա շնչառությունը մեր թիկունքում։Այդ տարիներին անհոգությունը լիարժեք չէր, բայց կար։ Կար այն փոքրիկ խաղաղությունը, որ մարդուն ուժ է տալիս շարունակելու։ Մենք աշխատում էինք, սովորում, երազում։ Ծնունդներ էինք նշում, հարսանիքների մասին խոսում, գարնանը սպասում նույն համառ հույսով, որ մի օր այն իսկապես կգա։ Թվում էր՝ ցավը հետ է քաշվել, կանգնել է մի անկյունում ու լուռ հետևում է մեզ։ Մարդիկ ավելի էին կապվում հողին։ Ավելի շատ էին աշխատում, ավելի շատ էին անում։ Ապրում էին՝ գուցե հենց այդպես։ Ոչ թե որովհետև հեշտ էր, այլ որովհետև հողը չէր թողնում կանգ առնել: Յուրաքանչյուր մարդ, ով ձեռքով դիպչել է Արցախի հողին, ով իր որդուն հողին է հանձնել հենց այստեղ, ինչպես կարող էր չվերադառնալ։ Այդ հողը արժեք ուներ։ Ուներ մի ձգողություն, մագնիսական, անբացատրելի։ Երևի նույնքան ուժգին, որքան Արցախ–արցախցի կապը։ Ծիծաղելի է հիմա հիշելը, բայց մինչև քառասունչորսօրյա պատերազմը ես Արցախը պատկերացնում էի որպես մի փոքրիկ գլոբուս, որտեղ պարզապես ապրում էին արցախցիները։ Երբեք չէի լսել, որ մեկը ասի՝ շուշեցի, մարտունեցի, հադրութեցի։ Մենք բոլորս հավասար էինք մեր հողում, մեր տանը։ Միմյանց գրեթե անուններով չէինք ճանաչում, բայց ամեն քայլափոխի հարազատի էինք հանդիպում։Այնքան էի սիրում Ստեփանակերտ գնալու օրերը։ Իսկ Շուշին… Շուշիում չեմ եղել։ Չեմ ասում՝ երբեք, որովհետև

34 մի օր, գուցե ոչ իմ, բայց իմ զավակների հարսանիքը կլինի լեռներում։ Այդ հավատն եմ ինձ հետ պահում։Շեղվեցի։ Ուզում էի նորից վերհիշել ցավը։ Եղբայրական հուշահամալիրում ոտքդ դնելու տեղ չկար։ Գերեզմանաթմբերն էին ընդունում ու ճանապարհում մեզ։ Նրանք չէին նեղանում, երբ առանց ծաղկի էինք գալիս։ Մենք էլ չէինք իմանում՝ որ գերեզմանաքարին մոտենանք։ Բոլորն էլ մերն էին։ Իմն էին։ Մերը։ Տղե՛րքն էին։ Չգիտեմ՝ ինչպես են մարդիկ կարողանում հանգիստ նայել որդեկորույս ծնողների աչքերին։ Այդ հայացքները չեն նայում քեզ, նրանք անցնում են քո միջով։ Դրանց մեջ ոչ միայն վիշտ կա, այլ մի ամբողջ կյանք, որը հանկարծ կիսատ է մնացել։ Այնտեղ կան առավոտներ, որ այլևս չեն սկսվում, քայլեր, որոնք չեն լսվում բակում, անուններ, որոնք այլևս չեն կանչվում։ Այդ աչքերը չեն աղաղակում, չեն պահանջում, չեն մեղադրում։ Դրանք պարզապես գոյություն ունեն, ու հենց այդ լռությունն է ամենածանր մեղադրանքը։Երբ նայում ես նրանց, հասկանում ես՝ աշխարհում կան ցավեր, որոնց առաջ մարդը պետք է իջեցնի աչքերը, ոչ թե բարձրացնի։ Ոչ թե որովհետև ամաչում է, այլ որովհետև խիղճն այլևս տեղ չունի կանգնելու։ Այդ ծնողները չեն խնդրում կարեկցանք, չեն սպասում խոսքի։ Նրանք վաղուց սովորել են ապրել այն լռության մեջ, որտեղ որդու անունը դարձել է կարոտ ։ Նրանց աչքերում ժամանակ չկա։ Ամեն օր նույն օրն է։ Նույն սպասումը, նույն դատարկությունը։ Նույն անկյունը տանը, որտեղ մի ժամանակ նստում էր որդին։ Նույն բակը, որտեղ հիմա ոչ մի քայլ չի արձագանքում։ Եվ այդ ամենը կրում են լուռ, առանց բողոքի, առանց աղմուկի, որովհետև նրանց ցավը չի սիրում բարձրաձայնվել։lԱմենասարսափելին այն է, որ հասարակությունը սովորում է այդ հայացքներին։ Սովորում է

35 անցնել կողքով, չկանգնել, չհարցնել։ Սովորում է ապրել այնպես, կարծես այդ աչքերը չեն հիշեցնում մեզ մեր պարտքի մասին։ Բայց այդ հայացքները հիշեցնում են։ Ամեն օր։ Հիշեցնում են, որ ինչ-որ տեղ ինչ-որ մեկը ապրում է ոչ թե կյանքի, այլ հիշողության մեջ։ Եվ ես չեմ հասկանում՝ ինչպես կարելի է խաղաղ քնել, երբ այդ աչքերը դեռ բաց են։ Երբ նրանք սպասում չեն ունենում, բայց մենակ չեն ուզում մնալ։ Երբ նրանք ապրում են մեր մեջ՝ որպես խիղճ, որպես հարց, որի պատասխանն այնքան ծանր է, որ ոչ ոք չի համարձակվում տալ։

36 Ապրել էր պետք։ Ոչ թե որովհետև հեշտ էր, ոչ թե որովհետև մոռացվել էր, այլ որովհետև կյանքը չէր սպասում մեր ցավին։ Այն պարզապես գնում էր իր ճանապարհով, և մենք ստիպված էինք քայլել նրա հետ։Ձմեռն անցավ՝ դանդաղ, ծանր, կարծես փորձում էր մաքրել ցավը, բայց չէր համարձակվում տանել այն։ Սառնությունը մնում էր ներսում, իսկ դրսում օրերը երկարում էին։ Գյուղի մարդիկ արդեն գարնանացան էին անում։ Հողը բացվել էր, կանաչը խառնվել էր անձրևին, և օդը լցվել էր այն բույրով, որը միայն գյուղը կարող է ունենալ։ Այդ հոտը հիշողություն էր։ Այդ հոտը տուն էր։Եվ ես նորից զգացի։ Զգացի հողի շունչը, նրա կենդանի տաքությունը ափերիս մեջ։ Զգացի, թե ինչպես է հողը կանչում, ոչ թե բառերով, այլ ներսից եկող ձայնով։ Այդ պահին թվում էր՝ կյանքը նորից փորձում է խառնվել հոգուդ ՝՝ ոչ բարձր, ոչ խիզախ, այլ զգույշ, որպեսզի չկոտրի մեր ցավը։Այդ ամենի մեջ մի անբացատրելի ուժ կար։ Ոչ ուրախություն, ոչ էլ մոռացում։ Պարզապես շարունակություն։ Կյանքի շարունակություն։ Եվ հենց այդտեղ հասկացա՝ ապրելը հաղթանակ չէ, բայց նաև պարտություն չէ։ Ապրելը պարտականություն է։ Հողի առաջ, հիշողության առաջ, նրանց առաջ, ովքեր այլևս չեն քայլում այս դաշտերով, բայց մնացել են հողի մեջ, բույրի մեջ, յուրաքանչյուր նոր բողբոջում։։ Հիշում եմ… Առաջին օրերին մայրս վախենում էր։ Ոչ միայն ինձ համար, այլ մեզ համար՝ բոլորիս։ Այդ վախը բարձրաձայն չէր լինում երբեք։ Ծնողներս արդեն սովոր էին պատերազմներին։ Սովոր էին թշնամուն կողք կողքի տեսնելուն, սովոր էին ապրել վտանգի

37 մեջ, տեսնել ծաղրանքներ, սպանություններ, կուլ տալ լռությունը։ Նրանց համար պատերազմը նոր բան չէր, բայց ամեն նոր պատերազմ նույն ցավն էր բերում։Լսել եմ, որ ասում էին՝ թշնամու մեջ էլ լավ մարդ կար։ Քչերը, բայց կային։ Ու գուցե ճիշտ է։ Անմեղ ժողովուրդը մեղավոր չէ։ Բայց նաև գիտեմ՝ ամեն ինչ սկսվում է աթոռներից։ Սկսվում է իշխանությունից, դավադրությունից, ատելությունից, կեղծ խոսքերից, որոնք հետո դառնում են հրաման, իսկ հրամանը՝ կրակոց։ Ես չեմ արդարացնում ոչ մեզ, ոչ նրանց։ Ոչ ոքի։ Ես չեմ կարող արդարացնել մի ազգի կամ մի համակարգի, որը մի լուսաբացի որոշմամբ խաթարում է խաղաղության շունչը, որը սպանում է իմ եղբայրներին, մեր տղաներին։ Դա արդարացում չունի։ Երբեք։ Ոչ պատմության մեջ, ոչ քաղաքականության, ոչ էլ «պետք էր» բառի տակ։Ինչպե՞ս կարելի է արդարացնել այն, երբ ամեն օր տեսնում ես մայրերի, որոնք որդուն դնում են գերեզմանափոսի մեջ։ Ամեն օր։ Ոչ մեկ անգամ, ոչ մեկ տարի։ Ամեն օր, որովհետև սպանելը չեն դադարեցնում։ Երբ տեսնում ես հորը կորցրած երեխային, հարցնում ես՝ ինչ կուզեիր ամենաշատը, ու նա շշուկով ասում է՝ «պապայիս»։ Շշուկով, որ հանկարծ պապան չլսի։ Որ հանկարծ պապան չիմանա, թե բալեն տխրել է։Այդտեղ բառերը դադարում են արժեք ունենալ։ Ամեն բառ ուշացած է, ամեն արտահայտություն՝ փոքր այդ ցավի առաջ։ Այնտեղ քաղաքականությունը լռում է, որովհետև ոչ մի դիրքորոշում չի կարող կանգնել մարդու կորստի դիմաց։ Այնտեղ չեն աշխատում ճառերը, բացատրությունները, թվերը։ Այնտեղ մնում է միայն մարդը՝ մերկ իր ցավի առաջ, անպաշտպան, անբուժելի վերքով։Այդ ցավը չի գոռում։ Այն նստում է ներսում, ծանրանում, դառնում մշտական ներկայություն։ Մարդը սովորում է ապրել նրա հետ՝ ինչպես

38 սովորում են ապրել կորսված ձեռքի կամ ձայնի հետ։ Սովորում է, բայց երբեք չի հաշտվում։Եվ մենք փորձում ենք ապրել։ Ոչ հերոսաբար, ոչ բարձրաձայն։ Պարզապես ապրել։ Ամեն օր մի քիչ։ Մի օր՝ լռությամբ, մյուսը՝ ուժով, երրորդը՝ պարզապես համբերությամբ։ Ապրել մինչև հողը դադարեր արյուն խլելուց, մինչև այն նորից դառնար այն, ինչ պետք է լիներ՝ տուն, հաց, գարուն։Ապրել, որովհետև եթե չապրենք, նրանց մահը կդառնա կրկնակի կորուստ։ Կկորչեն ոչ միայն նրանք, այլ նաև այն ամենը, ինչի համար ապրեցին։ Նրանց քայլերը, նրանց երազները, նրանց չասված խոսքերը։ Մենք ապրում ենք նաև նրանց փոխարեն՝ կրելով այն կյանքը, որը նրանք չհասցրին ապրել։ Ապրել՝ ոչ մոռանալու համար, այլ հիշելով։ Հիշելով ոչ միայն մահը, այլ կյանքը՝ նրանց ծիծաղը, ձայնը, ներկայությունը։ Հիշելով այնպես, որ հիշողությունը չդառնա քար, այլ ուժ։Ապրել՝ ծանր, բայց կանգուն։ Որովհետև եթե մարդը կոտրվի, հողն էլ կլռի։ Իսկ մենք իրավունք չունենք լռեցնել հողը։ Մենք պարտք ունենք նրա առաջ։ Պարտք՝ ապրելու։ Ամառը եկավ, անցավ, հետո նորից հեռացավ։ Մենք արդեն ձմռանն էինք պատրաստվում։ Արտաքուստ ամեն ինչ սովորական էր թվում։ Անհոգ էինք, նույնիսկ ուրախ՝ այդ տարօրինակ, կարճատև ուրախությամբ, որը գալիս է, երբ մարդը չի ուզում մտածել վաղվա մասին։ Ամեն լուսաբացի մենք քայլում էինք թշնամու կողքով, բայց փորձում էինք չնայել նրա աչքերին։ Իսկ ներսումս միշտ վախ կար։ Լուռ, անընդհատ վախ։ Վախ, որ մի օր ես էլ տուն չունենամ։ Որ մի օր հողը, որի վրա քայլում եմ, այլևս իմը չլինի։ Եվ ոչինչ չուշացավ։ Չուշացան նրանք։

39 Չուշացան ծրագրերը, գործարքները, առուծախը։ Չուշացավ արյունը ուրանալը, պապերիդ հողը վաճառելը։ Չուշացավ։ Երբ սկսեցին չծառայածները զենք բռնել, երբ հավասարվեցին իրական հերոսներին՝ առանց արժանի լինելու, երբ նրանք, ովքեր երբեք մոտիկից չեն տեսել դիրքեր, սկսեցին խոսել կռվից ու հայրենասիրությունից, երբ սկսեցին նորից լափել ու թքած ունենալ սեփական զավակների վրա՝ էլ ինչի՞ զարմանանք։ Մենք բոլորս գիտեինք։ Գիտեինք, որ վաղ թե ուշ լինելու է նոր մի «ցեղասպանություն»։ Գիտեինք, բայց լռում էինք։ Լռում էինք, որովհետև հավատում էինք, որ գուցե այս անգամ հնարավոր կլինի ապրել խաղաղ։ Հա՛, հավատում էինք։ Այդ հավատն էր, որ մեզ պահում էր՝ թեկուզ խաբուսիկ, թեկուզ կարճ։Բայց խաղաղությունը մեզնից հեռացավ առանց պատասխանների։Առանց հրաժեշտի։Առանց բացատրության։Եվ մենք մնացինք կրկին լռության մեջ՝ հասկանալով, որ ամենավտանգավոր պահը ոչ թե կրակոցն է, այլ այն պահը, երբ մարդը հավատում է, որ այլևս չի կրկնվի։Մեր հողը միշտ ձգում էր ամենքին։ Շուշին՝ «դժբախտ ու դժգույն» քաղաքը, կանգնած էր բնապահպանական խնդիրների առջև, իբր… 2022-ի դեկտեմբերի 12-ին «էկոակտիվիստներ» կոչված մարդիկ ՝ նախկին զինվորականներ, ուսուցիչներ, հասարակ քաղաքացի ՝ իրենց «հարգանքը» ցույց էին տալիս իշխանության վերին խավի նկատմամբ՝ Շուշին դարձնելով բնապահպանական աղետի թատերաբեմ։Նրանք, որպես բնապահպաններ, պայքարում էին իրենց իսկ տարածքի դեմ, կարծես Շուշին արդեն իսկ իրենցն էր։ Սակայն մենք երբեք չհասկացանք, թե որն էր նրանց գլխավոր գաղափարը։

40 Անընդհատ դադարեցվում էր Արցախի գազամատակարարումը, էլեկտրաէներգիան… Մարդիկ ապրում էին՝ առանց վախերի, առանց տրտնջալու։ Թեև երկար ժամանակ դժվար էր հասնել հիվանդանոցներ ու դպրոցներ, պայքարել ցրտի ու վառելիքի բացակայության հետ։ Եվ այդպես էլ Արցախը ապրում էր։

41 2023 թվականի ապրիլի 23-ին փակվեց կյանքի ճանապարհը… Ազատ մուտք դեպի Արցախ և Հայաստան միշտ եղել է ժողովրդի կենսական պահանջը։ Այդ ազատությունը միայն հնարավորություն չէին տեսնում, որ հասնեն հարազատներին, կրթեն երեխաներին, բուժեն հիվանդներին, այլ նաև ազգային ինքնության ու պատմության շարունակության խորհրդանիշ էր։ Բայց այդ օրը ճանապարհը փակվեց՝ դառնալով ճակատագրական պատնեշ, որը կտրեց մարդկանց հարազատներից, քաղաքներից և ապագայի հույսերից։ Ես հիշում եմ այդ առավոտը։ Լուրերը տարածվում էին արագ, ինչպես լեռների մեջ արձագանքող ձայնը։ Մարդիկ ասում էին, որ Հակարիի կամրջի մոտ զինված մարդիկ են կանգնած։ Սկզբում ոչ ոք չէր ուզում հավատալ։ Այդ ճանապարհը այնքան

42 սովորական էր դարձել մեր կյանքի մեջ, որ դժվար էր պատկերացնել՝ այն կարող է փակվել։ Բայց իրականությունը ավելի ծանր էր, քան լուրերը։Կամուրջը, որը տարիներ շարունակ պարզապես անցում էր եղել, այդ օրը դարձավ բաժանող գիծ։ Մեքենաները մոտենում էին զգուշությամբ, մարդիկ լուռ էին։ Ոչ ոք բարձր չէր խոսում։ Ամեն հայացքում նույն հարցն էր՝ ի՞նչ կլինի հիմա։ Հենց այդ ճանապարհով էին անցնում նաև երիտասարդ ֆուտբոլիստները։ Բայց այդ ճանապարհին նրանց սպասում էր ոչ թե տուն վերադարձը, ոչ թե ապագան, այլ գերությունը։ Նրանց առևանգումը դարձավ հերթական հարվածը ժողովրդի արդեն մաշված սրտին։ Այդ նույն ճանապարհով անցնում էին նաև տարեց մարդիկ։ Նրանցից շատերը նույնիսկ չէին հասկանում, թե ինչպես կարող էր ճանապարհը հանկարծ վտանգավոր դառնալ։ Նրանք ապրել էին, տեսել ՝ պատերազմներ, կորուստներ, բայց միշտ հավատացել էին, որ մի ճանապարհ պիտի լինի, որով մարդը կարող է հասնել իր տուն։ Հակարիի կամրջի մոտ այդ հավատը կարծես փորձության ենթարկվեց։ Ամեն մեքենա, որ մոտենում էր այնտեղ, բերում էր նույն լուռ վախը՝ արդյո՞ք նրանք կանցնեն։ Պարզապես տուն վերադառնալու համար։ Բայց այդ օրը տունը թվում էր հեռու՝ ավելի հեռու, քան երբևէ։ Ճանապարհը, որը տարիներ շարունակ մարդկանց համար եղել էր ամենակարճ ճանապարհը դեպի տուն, հանկարծ դարձել էր ամենաերկարը։ Ամեն քայլը ծանր էր, ամեն լուր՝ անհանգիստ։Մարդիկ լուռ էին քայլում, բայց նրանց լռության մեջ հազարավոր մտքեր կային։ Ինչ-որ մեկը մտածում էր իր տան մասին, որը մնացել էր մյուս կողմում։ Ինչ-որ մեկը՝ իր

43 այգու մասին, որտեղ գարնանը ծիրանենիները ծաղկում էին։ Իսկ ուրիշները հիշում էին այն օրերը, երբ այդ ճանապարհով անցնում էին առանց մտածելու, առանց վախենալու։Այդ հիշողությունները կարծես կանգնած էին ճանապարհի երկու կողմերում։ Նրանք հիշեցնում էին, որ այս ճանապարհով ժամանակին անցել են հազարավոր մարդիկ՝ երեխաներ, ուսանողներ, զինվորներ, մայրեր ու պապիկներ։ Ամեն մեկը իր պատմությամբ, իր երազանքով։ Հակարիի կամուրջը այդ օրը դարձավ ոչ միայն սահման, այլ նաև մի լուռ վկա։ Այն տեսավ մարդկանց սպասումը, նրանց վախը, նրանց համբերությունը։ Տեսավ նաև այն հույսը, որը նույնիսկ ամենածանր պահին չէր լքում մարդկանց։Որովհետև մարդը կարող է կորցնել տունը, կարող է կորցնել ճանապարհը, բայց հույսը կորցնելը ամենածանր կորուստն է։Եվ մարդիկ այդ օրը պահում էին հենց դա՝ հույսը։Հույսը, որ մի օր այդ նույն ճանապարհով նորից կվերադառնան։Կվերադառնան իրենց բակերը, իրենց լեռները, իրենց հիշողությունները։Որովհետև հայրենիքը երբեմն սկսվում է հենց ճանապարհից։Այն ճանապարհից, որը մարդը երբեք չի մոռանում։

44 *** Տու՜ն... Գրում եմ քեզ, հեռվից՝ մեզ բաժանող ճանապարհից այն կողմ... Ի՞նչ հարցնեմ, լա՞վ ես, տա՞ք ես... Ի՞նչ երեսով ժպտամ, որ ուրիշի տա՞նն եմ, որ սեփական տնից, բակից, այգուց հեռու՞ եմ... Գիտեմ, բոլոր հարցերս հռետորական են... Նամակս գրում եմ, որ մի օր գուցե կարդաս, գուցե հասկանաս, ներես, ընդունես... Գուցե՝ գուցե-ների մեջ մի օր պատճառը գտնեմ հեռանալու, ավելի ճիշտ ՝ դրդապատճառը, ու ապացուցեմ, քեզ, ինձ, բոլորին, որ լեռներից այն կողմ ուրի՜շ լեռներ ու կյանք կա', որ այսօրվա ապրելս վաղվա վերադարձի շունչն է ամփոփում... Տու՜ն, քեզ գրում եմ, հավատալով, որ չես խոցվել, որովհետև սիրտս հակառակ դեպքում փուլ կգար... Տու՜ն, ես երազում էի միշտ ապրել ու ապրեցնել քո գրկում, լռել, ներել, սխալվել, ու իմ տաքուկ սենյակի փայլփլուն պատերին պատմել, իսկ հետո՝ քո լռությամբ հզորանալ ու կրկին առաջ քայլել... Ես երազում եմ, աչքերս բացելուն պես նայեմ սարերին, մեր մշտադալար կանա՜չ անտառին... Երազում եմ, նորից ժպտամ լիարժեք... Տու՜ն, աշխարհի իմ ամենա՜թանկ ու տաքուկ անկյուն... Պատասխան նամակի մեջ կգրես, կպատմես քեզնից։

45 Կպատմես իմ Արցախի, մեր վանքերի, մեր ամենաթանկ մարդկանց շիրիմների մասին... Չխաբես ինձ... Կատարյալ չդարձնես կյանքդ, գիտեմ՝ հիմա ամբողջ «մարմինդ կապտուկների մեջ է կորել» ։ Գիտեմ, որ ամեն անգամ դուռդ բացելուց այնքա՜ն վատախոսությունների ես դիմանում... Գիտեմ, սեփական մաշկիս վրա եմ զգում քեզ ուղղված ամեն մի հալածանքը, հարվածը... Չմտածես, թե քեզնից հեռու հացը կուլ կգնա, թե քեզանից հեռու աշխարհի բոլոր տոնածառները կջերմացնեն հոգիս, բոլոր հրավառությունները դեմքիս ժպիտ կնկարեն... Չէ', տու՜նս, հայրենի իմ տուն... Ամեն մի հրավառություն պատերազմի ռումբերն է նկարում աչքերիս առջև, հասարակ հացը կուլ չի գնում, որովհետև ինչպես քո գրկում, այնպես էլ քեզնից հեռու՝ գիտակցում եմ, որ շա՜տ ու շա՜տ տղաներ սառը բանտախցերում պատժվում են, որովհետև հայրենասեր են չա՜փից շատ։ Գիտակցում եմ, որ իմ ու շատերի եղբայրների Ամանորը Եռաբլուրում է, որ հայ մայրերը այսօր սպասում են ոչ թե գալիք տարուն, այլ որդու գալուստին... Տու՜ն... Միթե ապրե՞լ է սա... Տու՜ն, եթե հավատայի հրաշքներին, այդ նույն հրաշքով սեղանի շուրջ կնստեի «Տա՜նը»... Կսպասեի, որ տան դուռը թակեին, կամ հարևանս կլիներ, կամ Ձմեռ Պապը...

46 Կսպասեի, որ գյուղի երեխաները մտնեին տու՜ն... Ի՜մ տուն, ի՜մ գյուղի երեխաները... Տողերս ավարտ չեն ունենա, շատ բան ունեմ քեզ պատմելու ... Բայց, երևի ասեմ պինդ կենաս, հավատաս, որ քեզ արժանի ընտանիքի վերադարձը ՝ չի ուշանա... Մինչ հանդիպում, տոն ու տըղ... 01/01/25 Ես այնքան շատ էի երազում չունեցածս խաղաղության մասին։ Բայց Արցախում խաղաղությունը երբեք պարզ բառ չի եղել, այն միշտ անցել է ցավի միջով․․․

47 12/12/2022-ը դաջվել է հոգուս… Ամեն օր քարշ եմ տալիս հիշողությունը։ Ամեն լուսաբաց հիշեցնում է, որ մի ժամանակ ճանապարհները բաց էին, մի կտոր հացը՝ ձեռքբերելի։ Հիմա այդ հուշերն իմ մեջ են ապրում մի ծանրությամբ, որը երբեք չի թեթևանում։ Ես դեռ քարշ եմ տալիս բոլոր փակ դռների ծանրությունը, բոլոր չհասած փրկող ձայները, բոլոր լռությունների ճիչը։ Եվ ամեն օր թվում է, թե շրջափակումը դեռ չի ավարտվել, այլ պարզապես մեր ներսում է տեղափոխվել՝ մնալու անորոշ ժամանակով։ Այդ հիշողությունը նույնիսկ շնչել չէր թողնում, որովհետև բոլորս ապրում էինք օրվա ու հացի հետ քայլելով նույն հարթությամբ, բայց օրը նույնն էր՝ անշարժ, իսկ հացը դարձել էր երազ, որ մենք ներսում կառուցում էինք ու նորից քանդում։ Ցուրտն այլևս դրսից չէր գալիս, այն ներսում էր՝ մեր տան, մեր սրտի, մեր սոված մտքերի խորքերում։ Երեկոները ծանրանում էին ամեն անգամ, երբ հերթական լույսն էր անջատվում, և մենք կանգնած էինք մեր խավարի հետ այնպես, ինչպես կանգնում են ճակատագրի դիմաց՝ անզեն, բայց համառ։ Այդ օրերին նույնիսկ լռությունն էր դարձել հաց՝ մենք այն բաժանում էինք իրար մեջ, որպեսզի ոչ ոք չզգա, որ մենակ է։ Բայցև բոլորս գիտեինք՝ շրջափակումը չի ավարտվել։ Այն դարձել է մի բռունցք, որ պահում ենք մեր կրծքավանդակում, որպեսզի չդավաճանենք հիշողությանը, որպեսզի չմոռանանք այն ցավը, որը մեզ ձևավորեց ու կապեց իրար՝ որպես մեկ ամբողջություն։ Հիշում եմ այն օրը, երբ դպրոցում ասացին․ շրջափակում է։ Ես երդվում եմ՝ այդ բառը ոչինչ չէր նշանակում ինձ համար։ Չէի հասկանում, որ այն մի օր դառնալու էր իմ կյանքի

48 ամենածանր, ամենաանընդունելի իրականությունը։ Չէի գիտակցում, որ շրջափակումը մարդ չի սպանում ։ Հասկացա այն պահին, երբ կրկին մաշկիս վրա զգացի հարազատների կորուստը, այն սպասող աչքերը, որոնք մնացին ճանապարհի մյուս կողմում ու այլևս չտեսան մեզ։ Սովը, վախը, անորոշությունը դարձան մեր տան լուռ հյուրերը, որոնք նստեցին սեղանին ու մնացին երկար շատ ավելի երկար, քան մարդը կարող է դիմանալ։ Ես զգացել եմ թշնամանքը իմ իսկ կաշվի վրա։ Երբ թո*րքը կանգնած էր դիմացս, նայում էր ուղիղ աչքերիս մեջ ու ժպտում, կարծես իմ ցավը նրա հաճույքն էր։ Երբ ողորմության պես գիրկս էր նետում երկու կտոր չոր հաց, ասես այդ հացը իմ արժանապատվությունն էր, որ նա բաժանում էր իր քմահաճությամբ։ Երբ ներսումս գոռում էի՝ թուրքն է թուրքից խլում, խլում է ոչ միայն հացը, այլև հողը, տունը, անունը, հիշողությունը։ Երբ հետ էի նայում՝ թողնելով հեռվում եղբորս գերեզմանը, որը հիմա այլևս չկա, քանի որ նույնիսկ մահացածների հանդեպ գթություն չմնաց։ Այն հողը, որ պիտի պահեր նրան, մեզանից խլեցին այնպես, ինչպես ամեն ինչ։ Ասեք ինձ՝ ինչպե՞ս հաշտ լինել։ Ինչպե՞ս հաշտ լինել նրանց հետ, ովքեր խմել են եղբայրներիդ արյունը, ովքեր չեն հասկանում, որ այդ արյունը մի ամբողջ ժողովրդի հիշողությունն է, ոչ թե միայն մի անուն։ Ինչպես հաշտ լինել, երբ դեռ լսում եմ նրանց ձայները, տեսնում եմ նրանց քայլերը, և աչքերիս առաջ է այն վերջին հայացքը, որը խոսում էր առանց բառերի։ Ինչպես հաշտ լինել, երբ ներսումդ մի ամբողջ ազգի ցավը կծկվում է, բայց դու ստիպված ես քայլել աշխարհում՝ առանց տան, առանց հողի, առանց այն տեղանքի, որ քեզ մարդ էր դարձնում։Հայ թե թո*րք՝ ես անուն չեմ որոնում։ Ես տեսնել

49 եմ ցանկանում այն մեկին, ով թքած ունի Արցախի ու արցախցու իրավունքների վրա, ով գետնին տվեց հերոսների պատիվը, ով դատապարտեց բոլորին, բայց ինքն իրեն երբեք չդատեց մահվան ճիրանին, ով թողեց, որ զավակը կարոտ մնա իր հորը՝ հայ հորը, հերոս հորը, իսկ ընտանիքը բաժանվեց իր արմատներից։ Այդ ձեռքերով է այսօր իմ ճակատագիրը դարձել մի պիտակ, որը նույնիսկ անօթևանից ծանր է։ Այդ ձեռքերով եմ դարձել մի մարդ, որին աշխարհը չի հասկանում, իսկ երկինքը դեռ պահում է։ Ոչ մի հարյուրավոր կամ հինգ հազար զավակի արյուն չի կարող համեմատվել այն սև արյան հետ, որով գահին նստեցին նրանք, ովքեր դավաճանեցին իրենց ժողովրդին։ Ես չեմ ձգտում ատելությամբ լցնել սիրտս։ Ես միայն գիտեմ՝ մի օր ամեն բան իր անունը կունենա։ Մի օր ճշմարտությունը կգրի այն, ինչ փորձում են ջնջել։ «Մի օր ժամանակը ինքն է գահից թափելու նրանց, որովհետև ժամանակն ունի մի օրենք՝ այն երբեք չի մոռանում։»

50 Տյուս կյամ հըղըցը... Իմ մանկության փողոցը մեր գյուղի ամենաբաց ու կենդանի տեղն էր։ Այնտեղ ամեն ինչ շնչում էր կյանքով․ առավոտյան արևի ճերմակ փայլը նստում էր քարե պատերին, իսկ կեսօրին փոշին բարձրանում էր մեր ոտքերի տակ ու կուլ էր տալիս մեր ծիծաղը։ Թվում էր, թե այդ փողոցում օրերը երբեք չեն կրկնվում․ ամեն օրը նոր հուշ էր բերում, որը դառնում էր իմ մանկության անկյուններից մեկը։ Հիշում եմ մեր գյուղի տատիկներին․ նրանք թոնրի շեմին կանգնած մեզ կանչում էին՝ «եկ, բալաս, հաց կեր», «եկ, մին բաժակ թան խմե»։ Երբեմն էլ ուղղակի հարցնում էին․ «Էդ տի շտեղը՞ս քինամ»։ Նրանց հայացքներում անսպառ խնամք կար, իսկ ձայներում՝ մեղմություն ու խաղաղություն։ Նրանք էին փողոցի իրական տիրուհիները․ ամեն վազք, ամեն խաղ անցնում էր իրենց աչքի առաջ, ու նրանց ներկայությունը մեզ տալիս էր ապահովության ու սփոփանքի զգացում։Հիշում եմ պապիկներին․ օրվա ծանր հոգսը ուսերին շտապում էին տուն։ Փողոցով անցնելիս միշտ կանգնում էին հարևանի հետ երկու բառ փոխանակելու, ու այդ մի քանի բառի մեջ դրվում էր մի ամբողջ օրվա հոգնություն ու կյանքից ուժ առնելու գաղտնիք։ Գյուղացիներն իրենց առավոտները սկսում էին վաղ արշալույսից․ մեկի ձին էր հառաչում փողոցի մյուս ծայրում, մյուսի գոմից հորթերի ձայներն էին լսվում, իսկ կանայք ջրի դույլերը ձեռքին քայլում էին դեպի աղբյուրը, զրուցելով ամեն բան աշխարհի ու կյանքի մասին։ Հիշում եմ հորս ու հարևանիս զրույցները, որոնք մնացին քարե նստարանին։ Նրանք նստում էին կողք կողքի՝ թեյի կամ սուրճի

51 գավաթով, ու խոսում էին գյուղի գործերից, աշխարհի նորություններից, երբեմն էլ՝ անսպառ երազանքներից։ Քարե նստարանը կարծես շնչում էր այդ զրույցներով, և հիմա էլ, եթե ականջդ մոտեցնես, կլսես նրանց ձայները։ Հարևանիս սուրճի սեղանը միշտ բաց էր․ այն երբեք դատարկ չէր մնում։ Ամառվա տապին այնտեղ հավաքվում էին բոլորը՝ մի բաժակ սուրճի, լիաթոք ծիծաղի ու ընկերական զրույցի համար։ Սեղանի շուրջն անցնում էին ժամեր, որոնք թվում էին վայրկյաններ։Իսկ մեր այգու թթենիները՝ բոլորի սիրելին էին։ Ամռան ամենաթեժ պահին թթենիների ստվերը դառնում էր մեր փրկությունը․ մենք նստում էինք դրանց տակ, խաղեր էինք հորինում, իսկ ձեռքերի վրա մանուշակագույն բծերը պատմում էին մեր քաղցր ու տաք ամառների մասին։ Այդ փողոցում ամեն ինչ կենդանի էր․ քարերը, դռները, այգիները, նույնիսկ փոշին, որ բարձրանում էր մեր ոտքերի տակ։ Եվ հիմա, երբ հիշում եմ, հասկանում եմ, որ մանկության փողոցը պարզապես մի վայր չէր․ այն իմ տան ճանապարհն էր, իմ կյանքի սկիզբը, իմ արմատը։ Բայց այդ մանկության մեջ կան հիշողություններ, որ երբեք չեն մարի։ Ես չեմ մոռանա ընկերներիս, ովքեր երկնային հրեշտակ դարձան։ Նրանց ժպիտները դեռ շնչում են մեր խաղերի մեջ, մեր քաղցր ու տաք վեճերում։ Չեմ մոռանա, թե ինչպես էին նրանք մտնում մեր տուն ու հետո անշտապ դուրս գալիս՝ ասես տունը իրենցն էր։ Երբեմն հորս էին օգնում, երբեմն էլ պարզապես նստում էին այգում՝ լռությամբ, բայց լի կյանքով։Չեմ մոռանա այն աղբյուրը, որի կողքին թողեցինք մեր խաղերը՝ պահմտոցիի ծիծաղը, վոլլեյբոլի գնդակը, մեր անփութորեն թռած երազանքները։ Չեմ մոռանա մեր երգերն

52 ու այն մանկական երազները, որոնք թվում էին անսահման իրական։ Եվ հատկապես չեմ մոռանա այն վերջին ու երկար գիշերը։ Երբ երկնքում փրկություն էինք տեսնում, իսկ Դավիթը, կիսաժպիտ ու մի քիչ էլ վախով, ասաց․ «յանի ասումս կըռեվ ինի՞»։ Եվ եղավ… եկավ ու պատեց հենց մեր տունը, մեր գյուղը, այն փողոցը, որտեղ մնացին թվացյալ անկատար երազանքները։ Բայց ես երդվում եմ․ իմ զավակները գնալու են նորից։ Նրանք մեծանալու են վերադարձի հավատով։ Գնալու են ապրելու, շնչելու այդ հողը, որ մեզնից խլեցին։ Եթե անգամ ես չլինեմ, գուցե նրանք գնան։ Բայց գնալու են։ Եվ թող էլ պատերազմ չլինի։ Միայն թե խաղաղություն. «ապրել թշնամու հետ» ՝ ես բացառում եմ։ Ես զոհեցի հանուն Արցախի ոչինչ, բայց տղերքը՝ ամենաթանկը տվեցին։ Ես երբեք չեմ ուրանա նրանց թափված արյունը, որովհետև հենց այդ արյունն է այսօր պահում իմ սրտի բաբախը։ Ես չեմ ուրանա… «Ու մին օր էլ ժամը 6-ին տյուսում կիլան հըղըցը... Հվատում վեր խաղաղություն իննյան ա...» Երբեմն մտածում եմ՝ արդյոք փողոցները հիշո՞ւմ են մեզ։ Արդյոք այն քարերը, որոնց վրա նստում էինք, պահո՞ւմ են մեր անունները իրենց լռության մեջ։ Թե՞ մենք էինք միայն, որ նրանց մեջ կյանք էինք դնում… Ես հաճախ եմ վերադառնում այնտեղ՝ ոչ թե ճանապարհով, այլ հիշողությամբ։ Փակում եմ աչքերս, ու նորից լսում եմ այն

53 ձայները, որոնք հիմա գոյություն ունեն միայն ներսումս։ Մորս կանչը, հորս ծանր քայլերի ձայնը, հարևանների ծիծաղը… Ամեն ինչ այնքան իրական է, որ երբ բացում եմ աչքերս, իրականությունն ավելի խորթ է թվում, քան հիշողությունը։ Ասում են՝ ժամանակը բուժում է։ Բայց կա ժամանակ, որ ոչինչ չի բուժում, այլ միայն խորացնում է ցավը։ Ամեն անցնող օր ինձ ավելի հստակ է ցույց տալիս, թե ինչքան շատ բան մնաց այնտեղ՝ մեր հետևում։ Ոչ միայն տներ ու ծառեր… այլ ամբողջ կյանքեր, որոնք կիսատ մնացին։ Ես երբեմն փորձում եմ պատկերացնել՝ ինչ կլիներ, եթե այդ գիշերը չգար։ Եթե Դավիթի հարցը մնար պարզապես հարց…

54 Եթե մեր փողոցը շարունակեր ապրել իր սովորական կյանքով… Գուցե հիմա մենք մեծացած կլինեինք նույն այդ փողոցում։ Գուցե մեր երեխաները վազեին նույն փոշու մեջ, նույն թթենիների տակ։ Գուցե պապիկներն էլ դեռ նստած լինեին իրենց տեղերում՝ խոսելով նույն պարզ, բայց կարևոր բաների մասին։ Բայց «գուցե»-ները երբեք տուն չեն դառնում։ Նրանք մնում են օդում կախված, ինչպես կիսատ աղոթք։ Եվ այդ ժամանակ հասկանում եմ՝ մենք ոչ միայն տուն ենք կորցրել, այլև ապագա, որը կարող էր լինել։ Բայց մի բան մնացել է անփոփոխ։ Մեր ներսում ապրող այդ հողը։ Որքան էլ հեռու լինենք, որքան էլ տարիներ անցնեն, այդ փողոցը շարունակում է շնչել մեր մեջ։ Այն չի մեռել, որովհետև մենք ենք նրա շարունակությունը։ Մեր հիշողություններով, ցավով, մեր հավատով։Երբեմն ինձ թվում է՝ մենք դարձել ենք այդ փողոցի վերջին պահապանները։ Եթե մենք մոռանանք՝ այն իսկապես կկորչի։ Բայց քանի դեռ հիշում ենք… այն ապրում է։ Ու հենց դրա համար եմ գրում։ Որ ոչինչ չկորչի։ Որ մեր թթենիների ստվերը, մեր աղբյուրի ջուրը, մեր մանկության ծիծաղը մնան բառերի մեջ։

55 Թող կարդացողը զգա՝ ինչ է նշանակում տուն ունենալ… ու այն կորցնել։ Թող հասկանա՝ ինչ է նշանակում ապրել՝ սրտիդ կեսը թողած մի մայթում, որտեղից այլևս չես կարող անցնել։ Բայց նաև թող հավատա։ Որ երբեմն ամենախորը կորուստներից էլ ծնվում է ամենահամառ վերադարձը։ Եվ եթե մի օր ինչ-որ մեկը կանգնի մեր փողոցի սկզբում, թող զգա, որ մենք այնտեղ ենք եղել։ Որ մենք սիրել ենք այդ հողը։ Որ մենք ապրել ենք։ Ու որ մի օր… մենք անպայման վերադառնալու ենք։

56 Այսօր քանդում են քեզ, երկի՜ր… Քանդում են լուռ, բայց աղմուկով՝ այնպես, որ անգամ քարերն են ցավից ճաքում։Քանդում են ոչ միայն տները, այլ նաև ժամանակը, որ ապրել էինք այդ պատերի մեջ։Քանդում են պատերը, որոնց վրա դեռ մնացել էին մեր չարաճճիության մատնահետքերը։ Քանդում են մեր մանկության բակերը, որտեղ միայն ընկնելուց էինք ցավ զգում։Քանդում են պատուհանները, որոնցից մայրերը նայում էին ճանապարհին՝ սպասելով տուն կգան որդիները դիրքերից ։Քանդում են դռները, որոնց վրա դեռ կախված է մաշված բանալին… Քանդում են մեր ապրած օրերի տաք շունչը, անտեսանելի, բայց անդառնալի կերպով… Ամեն օր սպասում էի վերադարձիս…

57 Սպասում էի այնպես, ինչպես սպասում են երկար գիշերից հետո լույսին։Եվ հիմա արդեն չգիտեմ՝ արդյոք այդ ճանապարհը կա՞, թե՞ այն էլ է քանդվել քեզ հետ միասին… Գուցե կարոտս Սյունյաց աշխարհից առնեմ, քանի դեռ շունչ կա, քանի դեռ հիշողություններս չեն խամրել․․․ Գուցե այնտեղ գտնեմ մի փոքր քեզանից՝ քո քամին, լեռները, համառությունը, քո բույրը … Բայց գիտեմ՝ դա միայն նմանություն է, ոչ թե դու։ Որովհետև դու ուրիշ էիր… դու իմն էիր… Հիմա արդեն չգիտեմ՝ կգա՞ այն օրը, թե՞ կմնա միայն իմ մտքերի մեջ։ Չգիտեմ՝ արդյոք քայլելու եմ քո փողոցներով, թե՞ միայն հիշողություններս են շարունակելու ապրել այդ ճանապարհներին։ Չգիտեմ, երկիր… Այնքան բան ունեմ քեզ պատմելու։ Այնքան պատմություններ կան, որոնք մնացել են կիսատ՝ ինչպես մեր ճակատագրերը։Այնքան ժպիտներ կան, որ չհասցրին դառնալ հիշողություն, այնքան արցունքներ՝ որ դեռ չեն կաթել, բայց արդեն այրում են, խեղդում են ներսից։Ասա ինձ՝ ո՞րն էր մեր մեղքը։Ո՞ր պահին դարձանք զոհ այս դաժան բեմադրությանը։Կյանքեր արժեցավ, որոնք դեռ պետք է ապրեին…Մայրերի արցունքներ, որոնք այդպես էլ չեն չորանա: Տներ, որոնք այլևս տուն չեն… Եվ դու… —Ինչո՞ւ մեր երազանքները խեղդվեցին պայթյունների մեջ։ Քեզ կարող են քանդել, երկի՛ր… Բայց չեն կարող ջնջել քեզ։Չեն կարող վերցնել այն, ինչ արմատավորվել է մեր արյան մեջ։Քեզ կարող են պոկել քարտեզներից, երկի՜ր, բայց չեն կարող հեռացնել մեր պատմությունից։Մենք ուզում էինք ապրել…

58 Պարզապես ապրել։Սիրել, ստեղծել, հավատալ… Ու հիմա այդ ցանկությունն էլ թվում է մեղք, որի համար վճարեցինք չափազանց թանկ։Երբեմն թվում է՝ ամեն ինչ ավարտված է։Թվում է՝ լռությունն արդեն հաղթել է։ Բայց հետո մի հիշողություն է գալիս, մի բառ, մի հոտ, մի պատկեր… ու հասկանում ես՝ դու դեռ կա՛ս։Քեզ չեն կարող վերջացնել, որովհետև դու միայն հող չես։Դու հիշողություն ես, պայքար ես, սեր ես, ցավ ես, ու ամենակարևորը՝ հավատ ես… Մի օր՝ գուցե ուշացած, գուցե հազար փորձությունից հետո, բայց մենք կգտնենք ճանապարհը դեպի քեզ… Կվերադառնանք՝ մեր ներսում տանելով կորստի ծանրությունը, բայց նաև այն լուռ երդումը, որ երբեք չենք թողել քեզ…նույնիսկ երբ հեռացել ենք։ Մենք կկանգնենք մեր տեղում՝ոչ որպես տերեր, ոչ որպես հյուրեր, այլ որպես մարդիկ, ո րոնք վերջապես գտել են իրենց կորցրածը։ Կկանգնենք այնպես, կարծես առաջին անգամ ենք սովորում շնչել այս օդը՝ առանց վախի, առանց կորստի ծանր ստվերի։Ու այդ կանգնած լռության մեջ կհասկանանք, որ վերադարձը միայն ճանապարհ չէ։Ոչինչ բարձր չի ասվի, բայց ամեն ինչ արդեն ասված կլինի՝ այնպես, ինչպես ասում են միայն այն, ինչ երկար տարիներ պահվել է ներսում ու այլևս չի տեղավորվում բառերի մեջ։ Մարդիկ կկանգնեն իրար կողքի՝ առանց խոսելու, ու հենց այդ չասվածության մեջ ամեն ինչ կդառնա պարզ՝ կորուստը, վերադարձը, ու այն անտեսանելի կամուրջը, որ տարիներ շարունակ պահել է մեզ այստեղ ու այնտեղ միաժամանակ։ Ու այդ ճանապարհի վերջումչկա աղմուկ. կա միայն խաղաղ, վերջնական ընդունում՝որ մենք

59 եղել ենք, կանք, ու դեռ կլինենք՝այն ամենի մեջ, ինչ մերն էր, ինչ տեսել ենք, զգացել ու սիրել ենք։ Որովհետև ամեն ինչ, ինչ իսկապես մերն է չի մոռացվում․․․ *** Մեր մեջ ապրողը չի ենթարկվում կորստի օրենքին, այն դառնում է հիշողություն, որ չի մարում, շունչ, որ չի դադարում, ու սեր, որ չի ավարտվում, նույնիսկ երբ ամեն ինչ ավարտված է թվում։ Եվ հենց այդ պատճառով էլ մենք երբեք լիովին չենք կորցնում այն, ինչ սիրել ենք․․․ 2023, հուլիս-օգոստոս Չգիտեմ՝ ինչպես է լինում, որ դեպքերն ու դեմքերը մի օր սկսում են խառնվել իրար՝ ժամանակի ու տարածության մեջ, ասես ամեն ինչ մի կետի մեջ է սեղմվում, ու դու այլևս չես տարբերում՝ սա երեկվա՞ հիշողությունն է, թե հենց այս պահին է կատարվում։Այդ օրերին մեզ ասում էին՝ պետք է բացենք Ակնա-Ասկերան ճանապարհը։ Ասում էին՝ որ սովից չկոտորվենք։ Խոստանում էին «օգնություն»՝ «Կարմիր մահիկ»-ի միջոցով՝ մի քանի մեշոկ կեր, մի քանի կտոր հաց, մի քիչ գոյատևելու հնարավորություն։ Բայց այդ խոսքերի տակ մի ուրիշ բան կար, որը բոլորս զգում էինք, թեկուզ ոչ ոք բարձրաձայն չէր ասում։

60 Ասում էին՝ սուս-փուս ինտեգրվեք։Կամ գնացեք այնտեղ, որտեղ իրենք վաղուց անուն էին տվել՝ «ջիհաննամ»։ Դա ընտրություն չէր։Դա պարտադրանք էր՝ փաթաթված «փրկության» անվան տակ։ Եվ մենք կանգնեցինք այդ ընտրության առաջ։ Մի խումբ երիտասարդների հաջողվեց փակել Ակնա- Ասկերան ճանապարհահատվածը։ Նրանք կանգնեցին ոչ թե պարզապես ճանապարհի վրա, այլ մի գծի՝ որի այս կողմում դեռ ինչ-որ բան կար, որ կարելի էր անվանել արժանապատվություն։ Նրանք թույլ չտվեցին, որ այդ «օգնությունը» մտնի Արցախ։Որովհետև բոլորս հասկանում էինք՝ դա հաց չէր։Դա լռեցնելու փորձ էր։ Դա մի դանդաղ ճանապարհ էր դեպի հրաժարում։ Մենք պայքարեցինք սովի դեմ։ Այդ պայքարը զենքով չէր, բայց ոչ պակաս ծանր էր։ Ամեն օր ինչ-որ բան պակասում էր՝ հացը, լույսը, ջուրը… հետո արդեն՝ ուժը։ Բայց ամենածանրն այն էր, որ ներսում սկսում էր պակասել հավատը։ Պայքարեցինք նաև ներսում արդեն կարծրացած վախի դեմ։ Այդ վախը, որ սկզբում աղմկոտ էր, հետո կամաց-կամաց լռում էր ու նստում մարդու ներսում՝ դարձնելով նրան հնազանդ, կոտրված, պատրաստ ընդունելու այն, ինչ մի ժամանակ անընդունելի էր թվում։ Բայց մենք դեռ փորձում էինք դիմադրել։ Օրերը անցնում էին ծանր, երկար, անսահման ձգվող։ Ժամանակը կարծես դադարել էր շարժվել, բայց միևնույն ժամանակ մեզ տանում էր ինչ-որ անխուսափելի ավարտի։

61 Հացը չափվում էր կտորներով, ջուրը՝ եթե լինում էր,, իսկ լռությունը՝ ժամերով։ Աշխարհը լուռ էր։ Այնքան լուռ, որ այդ լռությունը երբեմն ավելի բարձր էր թվում, քան ցանկացած պայթյուն։ Եվ այդ լռության մեջ մենք կանգնած էինք՝ մեր ընտրության ու դրա գնի առաջ։ Մի կողմում՝ արժանապատվությունն էր, մյուսում՝ գոյատևումը։ Եվ ամենադաժանը այն էր, որ երկուսն էլ պահանջում էին զոհեր․․․ Եվ մենք դեռ ասում էինք՝ «մինչև վերջ»։

62 Այդ բառերը սկզբում ուժ էին տալիս։ Հետո դարձան ծանր բեռ։ Իսկ վերջում՝ մի հարց, որի պատասխանը ոչ ոք չգիտեր․ …մինչև եկավ սեպտեմբերի 19-ը։ Այդ օրը ոչինչ չհարցրեց։ Չհարցրեց՝ պատրաստ ե՞նք, թե ոչ։Չսպասեց, որ ընտրենք։ Պարզապես եկավ ու նորից խլեց ամենքին ու ամեն ինչ։ Սկզբում՝ հեռավոր ձայներ, որոնք կարելի էր սխալմամբ շփոթել ինչ-որ սովորական աղմուկի հետ։ Հետո՝ ավելի մոտ, ավելի ուժեղ։ Եվ մի պահ եկավ, երբ այլևս ոչ մի կասկած չկար։ Պատերազմը վերադարձել էր։ Օդը ծանրացավ։ Երկինքը՝ ցածրացավ։ Եվ այն ամենը, ինչ մենք այդքան ժամանակ փորձում էինք պահել՝ մեկ ակնթարթում փշրվեց։ Մարդիկ դուրս եկան տներից՝ ոչ թե հասկանալու, այլ պարզապես փախչելու։ Հեռախոսակապ չկար, եղած դեպքում էլ անընդհատ զանգում էին՝առանց պատասխանների։ Ամենուր նույն հարցն էր՝ «Ո՞ւր գնանք… ի՞նչ անենք… ո՞վ է ողջ…» Ծանրագույն օրեր էին, որոնց դիմադրեցինք և կդիմադրեինք Աստծով, որովհետև ոբ թե տուն էր մեզ պետք, այլ ՝հող, որի վրա թանձրացել է հինգ հազար որդու արյուն… Ով ուրանում է ՝ նա է մեզ թշնամի, թշնամի տղերքին…

63 Եվ այդ ուրացումը ներում չունի,չունի ներում և ունենալ չի կարող , քանզի մեր շիրիմներից,տղերքից հեռու դեռ կիսատ թողած պայքար կա, որին արժանի են իսկական «Նժդեհները»,արժանի է ազգը, իսկական ,մաքուր, հայոց ազգը… Չգիտեմ.երբեմն փորձում եմ շեղվել ,չհիշել , չպատմել … Եվ այդ պահին արդեն ոչ ոք չէր խոսում «ճանապարհ բացելու» կամ «օգնության» մասին։ Որովհետև պարզ էր դարձել՝սա վերջն էր։ Կամ գուցե՝ մի նոր, ավելի ցավոտ սկզբի սկիզբը։Այդ օրերին նույնիսկ հույսն էր փոխել իր դեմքը։ Այն այլևս բարձրաձայն չէր խոստանում, չէր համոզում, չէր սպասեցնում։ Այն պարզապես լուռ նստել էր մարդկանց աչքերի մեջ։Մարդիկ այլևս չէին հարցնում՝ «ե՞րբ կավարտվի»։ Ավելի ծանր հարց էր ծնվել՝ «իսկ հետո՞…»։ Որովհետև բոլորս զգում էինք, որ նույնիսկ եթե կրակոցները լռեն, մեր ներսում սկսվելու է մի պատերազմ, որի համար ոչ մի հրադադար չի կնքվելու։ Երբեմն հիշում եմ, թե ինչպես էի սոված քնում, որովհետև մեր տան հացը կուլ չէր գնում, գիտե՞ք ինչու, որովհետև գյուղում զինվորականներ կային չէ խնդրում եմ չասեք թե նրանք կուշտ էին։ Նրանք նույնչափ «լավ» զենք ունեին, որքան «ուտելիք»… Հետո… Այն ճանապարհն է, որ անգիր գիտեր քայլերիդ ձայնը, այն բակը, որ մանկությունդ էր պահել իր գրկում, այն ծառը, որի ստվերում տարիներ էին մեծացել, այն լեռները, որոնք ամեն առավոտ առաջինն էին բարևում քեզ։Հեռանալով՝ ես չվերցրի մեկ-երկու ճամպրուկ, տատիս,պապիս պատից կախված լուսանկարները որոնցով էլ ճանաչում էի նրանց,չհասցրի

64 այգուց տնկի պոկել,հող վերցնել, կողպեքը «կախ տալ», թեքվել սարերին ,քարերին,պապիս ու ընկերների կառուցած աղբյուրներին, հերոսների շիրիմներին , բոլոր գյուղացիներին չհասցրի հրաժեշտ տալ , ու հեռացա… Հեռացա մտովի համբուրելով պապիս կառուցած տան պատերը որ սառել էին ցավից… Ես որքան էլ խոսեմ, բացատրեմ թե ինչ է նշանակում տուն կորցնել, բայցև չհասցնել հրաժեշտ տալ, չայցելել հարազատների շիրիմներին, չհասցնել Եղբայրական հուշահամալիր մտնել, որտեղ ամեն օր նոր զոհ էր ամփոփվում, չունենալ ուժ՝ լսել որդեկորույս մոր աղաղակը, ցավը, չհասկանալ՝ պատերազմի դաշտում որդուց լավ-վատ լուրի սպասող Ալվարդ քույրիկին, հաշվել ինքնաթիռները, պայթյունները, մոմի լույսի տակ նամակ գրել հրաժեշտի, «գուցե ողջ չմնայի», տեսնել թշնամու «փալասը» տանդ դիմացի սարին, լսել՝ տանդ մեջ թուրք է ապրում, թողնել հիշողութուններդ,պապիդ տնկած թթենիների շվաքը, սառը քարը՝ որի վրա տատս նստում իլիկ էր մանում…

65 Հայկ Արենի Գրիգորյան Չգրկել ընկերներիդ, վերջին անգամ չտեսնել նրանց ծիծաղը, ձեռք ձեռքի տված մատուռ չգնալ, այլևս չնայել այն պատուհանից, որից միշտ լույս էր տուն մտնում, չպոկել այգու մանուշակները նոյեմբեր ամսին, ու պարզապես չապրել այնպես, այնտեղ, այնչափ…Որովհետև իմ ճամպրուկի մեջ միայն ժամանակն ու տարածությունն են տեղավորվել…

66 Ես շարունակեցի ապրել։Ընկա, վեր կացա, կորցրի, գտա, հասա նոր բարձունքների։ Սովորեցի ժպտալ նույնիսկ այն օրերին, երբ ներսումս դեռ պատերազմ էր, սովորեցի կրկին սիրել ու հավատալ։ Կյանքն ինձ պարգևեց մեծ սեր, որն իր ներկայությամբ հիշեցրեց, որ նույնիսկ ամենամութ գիշերից հետո լույսը գտնում է իր ճանապարհը։Իսկ երկնքում ես ունեմ իմ տղաներին՝ Արթուրին, Արսենին, Հայկին… Եվ նրանց հետ՝ մի ամբողջ լուսավոր երկնային գունդ։ Նրանք իմ այսօրվա աղոթքն են, իմ ամենօրյա զրույցը, իմ խոնարհումը և իմ ուժը։ Ես վաղուց եմ որոշել, որ եթե Աստված ինձ որդիներ պարգևի, նրանք կկրեն Արթուրի, Արսենի ու Հայկի անունները։ Ոչ միայն որպես հիշողություն, այլ որպես շարունակություն։ Իսկ իմ կյանքի մեծ սերն արդեն խոստացել է, որ նրանց կդաստիարակի այն նույն արժեքներով, որոնցով ապրել են մեր հերոսները՝ ազնվությամբ, արժանապատվությամբ, հայրենասիրությամբ, հավատով ու մարդասիրությամբ։ Սա իմ լուռ երդումն է ձեզ, տղե՛րք։

67 Արթուր և Արսեն Գրիգորիի Աղասյաններ Ես խոստանում եմ, Աստծո կամոք, շարունակել ձեր ճանապարհը։ Խոստանում եմ, որ դուք կապրեք ոչ միայն հուշաքարերի վրա փորագրված անուններով, այլև նոր կյանքերում, նոր սրտերում, նոր սերունդների մեջ։Կյանքում կան պատմություններ, որոնք մենք գրում ենք։ Եվ կան պատմություններ, որոնք գրում են մեզ։

68 «Իմ ներսի հեռուն» երկրորդներից է։ Այս գիրքը ծնվեց ոչ թե գրելու ցանկությունից, այլ լռությունից, որն այլևս հնարավոր չէր կրել։ Այն ծնվեց կորուստների ծանրությունից, հիշողությունների համառությունից և այն համոզմունքից, որ մոռացությունը մարդու ամենամեծ պարտությունն է։

69 Երբ հիշողությունը մեռնում է, մեռնում է նաև հայրենիքը։ Իսկ քանի դեռ հիշում ենք, այն շարունակում է ապրել ։ Ես չեմ գրում պատերազմների մասին, որովհետև թվերը կգրեն պատմաբանները, իսկ ես չեմ կարող թվերով ասել այն, ինչ մնացել է իմ կոկորդում։ Ես գրել եմ մարդու մասին՝ այն մարդու, որի մանկությունը մնաց Սառնաղբյուրի իր տան բակում։ Ես հաճախ եմ ինքս ինձ հարցրել՝ պատերազմից հետո ի՞նչ է մնում մեզանից։ Մոխի՞րը։ Ավերակնե՞րը։ Կիսադատարկ տները, խաչքարերի վրա թափված անձրևն ու լռությո՞ւնը։ Թե՞ այն գիշերները, երբ աշխարհի ամենախոր լռության մեջ մեկ առ մեկ լսվում են նրանց անունները, ովքեր այլևս տուն չվերադարձան։ Ինձ համար պատերազմից հետո մնացին անուններ։ Հայկ, Արթուր, Վլադիմիր, Արեն, Արսեն, Ալբերտ, Ռոբերտ, Կամո… Անուններ, որոնք այսօր մեկ երկնային գունդ են, այնտեղ երկնքում նրանք հաղթած են, իսկ մենք պարտավոր ենք երկրային հաղթանակ բերել հանուն նրանց սխրանքի։ Նրանք արժանի են ապրել մեր ամեն մի արդար որոշման մեջ, մեր արժանապատվության մեջ, մեր սիրո, մեր պայքարի և մեր հավատքի մեջ։ Նրանց արյունը պատմության հերթական էջ չէ։ Մեկ-մեկ որ փակել կարողանան։ Այդ արյան յուրաքանչյուր կաթիլի մեջ ապրում է մեր վաղվա պատասխանատվությունը, շարունակությունը, այսօրը, վաղը, հետոն…

70 Այս գիրքը պատմություն չէ միայն իմ մասին։Այն պատմություն է բոլոր նրանց մասին, ովքեր կորցրել են հայրենիք, տուն, հարազատ, մանկություն, բայց չեն կորցրել մարդ մնալու կարողությունը։ Այն պատմություն է նրանց մասին, ովքեր ամեն ինչ կորցնելուց հետո շարունակում են սիրել։ Շարունակում են հավատալ, սպասել… Այս գրքում հարցերը հռետորական են, վերջակետեր չկան, բազմակետերը շատ են … Այն հարց է, որ ես թողնում եմ յուրաքանչյուր ընթերցողի սրտում. Ի՞նչ ես անելու այն հայրենիքի համար, որը քեզ ամեն ինչ է տվել։ Ես ուզում եմ հանդիպենք, որ միասին խոսենք, թե ինչ ենք արել և անելու հանուն այն « հեռվի», որ այսօր ապաստան ունի յուրաքանչյուրիս ներսում։ Կհանդիպենք այն օրը, երբ մեր սարերը կրկին կարթնանան արևածագի հետ։Կհանդիպենք, երբ Շուշիում զանգեր ու աղոթքներ հնչեն։ Երբ մեր մայրերը պատուհանից կնայեն ոչ թե սպասումով, այլ խաղաղությամբ։ Երբ հայրենի հողի վրա նորից կյանք վերածնվի ։ Գուցե, կրկին բացեմ այս գիրքը։ Ոչ թե նոր էջ ավելացնելու համար։ Այլ նրա վերջին նախադասությունը փոխելու, որովհետև այդ ժամանակ «Իմ ներսի հեռուն» այլևս հեռվում չի լինի։Որովհետև արահետները ինձ իմ տուն կտանեն, իմ հայրենի տուն… Գուցե մի օր, երբ լեռները բացվեն, Եվ ճանապարհները նորից խոսեն, Իմ տունդարձի քայլերը լսվեն՝ Անվերջ սպասումից հետո….

71